
Թեպետ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է զինվորական տարկետման իրավունքը վերացնող օրինագիծը, դրա դեմ պայքարող ուսանողները շարունակելու են իրենց պայքարը: Այս մասին այսօր հայտարարել են ԱԺ մատույցներում բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարները:
Ակցիայի ընթացքում այսօր բախում է տեղի ունեցել ցուցարար-ուսանողների եւ ոստիկանության միջեւ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ոստիկանության հետ բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած ուսանողների դեպքի հետ կապված կզեկուցվի և ծառայողական քննություն կսկսվի:
Օսիպյանի խոսքով՝ բախման հետեւանքով պատռվել է որոշ ոստիկանների հագուստը: Նա շեշտել է, որ ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ փողոցի երթևեկությունը վերականգնելու համար: Այս ամենին զուգահեռ թեման այսօր քննարկվել է նաեւ երեւանի որոշ մամուլի ակումբներում:
ԱԺ-ի դիմաց ուսանողական բողոքի ակցիայի ներկայացուցիչներին այսօր ընդունել է ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը: Վերջինիս աշխատասենյակում նրանց հետ անցկացվել է փակ խորհրդակցություն, որին միացել է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հանդիպումից հետո նախաձեռնող խմբի անդամները հայտարարել են, որ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել դադարեցնելու դասադուլը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը տեղեկացրել է, որ իրենց առաջարկությունն ընդունվել է, և կլոր սեղանի ձեւաչափով քննարկումներ են լինելու, որը համարում են լավագույն տարբերակն այս պահի համար:

Թեպետ տարկետման իրավունքը վերացնող օրինագիծն այսօր խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ, բողոքող ուսանողները շարունակելու են իրենց պայքարը: Ակցիայի մասնակիցներից Կոնստանտին Յայլյանը վստահեցրեց, թե պայքարելու են մինչեւ ետ կանչվի օրինագիծը:
«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող իրենց ընկերներին օրվա երկրորդ կեսին միացան նաեւ ԵՊՀ-ում հացադուլ հայտարարած ուսանողները:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության՝ հացադուլ հայտարարած անդամներն ասացին, որ օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո որոշել էին հրաժարվել նաեւ ծխախոտից ու ջրից, բայց առայժմ չեն անի:

Մինչ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունում էր օրինագիծը, իսկ ուսանողները՝ պայքարում խորհրդարանի մատույցներում՝ երեւանյան մամուլի ակումբներում այսօր նույնպես թեման քննարկման նյութ դարձավ: Անահիտ Բախշյանի փոխանցմամբ՝ ինքը կողմ է օրենքի գաղափարախոսությանը, տրամաբանությանը եւ այն քայլերին, որոնք ապահովելու են երիտասարդի՝ ծառայություն ընտրելու ճկունությունը:

«Պարզ բան եմ ասում: Ասում են՝ գիտությունը կտուժի: ժողովուրդ մինչեւ այսօր տարկետումը կար ու գիտությունը չկա: Դե ասեք՝ ինչու՞ գիտությունը չի զարգանում, որովհետեւ դա կախված չէ դրանից: Որովհետեւ գիտության նկատմամբ կա չափազանց անհարգալից եւ նվաստացնող ֆինանսավորում մեր կառավարության կողմից»:
Օրենքի գաղափարին կողմ է, իրականացմանը, մինչդեռ, Անահիտ Բախշյանը չի հավատում:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ նախ բանակի խնդիրները պիտի լուծել, հետո պահանջել, որ բոլորը գնան: Նա զարմացած է, որ օրենքի կողմ են նրանք, ովքեր չեն ծառայել:
«Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ օրինագծի քննարկումների ընթացքում ամեն ինչի մասին խոսվում է, բացի բուն խնդրից»:
«Պարզ չէ ում եւ ինչի համար է արվում, որովհետեւ մեծ հաշվով մենք խնդիր բանակի հետ պիտի որ չունենայինք»:
Ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ՝ «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են արվում մեկ մարդու՝ պաշտպանության նախարարի PR-ի համար:
Վատ սկիզբ ու սխալ էր եւ չեմ կարծում, թե այդ քայլը նրան որպես քաղաքական գործիչ լավ ապագա է խոստանում՝ եզրափակեց ընդդիմադիր գործիչը:




