

«Տաշիր» ընկերությունների խմբի հերթական նվերը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին. այստեղ այսօր բացվել է երկրորդ գերազանցության կենտրոնը:
Արդիական սարքավորումներով հագեցած երկու լաբորատորիաներն ու լսարանները տալիս են բոլոր հնարավորությունները միջազգային չափանիշերին հարիր անհրաժեշտ կրթական բաղադրիչն ապահովելու համար:
Կենտրոնի հանդիսավոր բացմումը տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Երկրի ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել են այստեղ ստեղծված հնարավորությունները:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տաշիր» ընկերությունների խմբի «Կասկադ» հոլդինգի նոր կենտրոնի շնորհիվ ուսանողներն ու երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել՝ ծանոթանալով էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին:

Կենտրոնով անցած ուսանողը հաջող աշխատանքային գործունեություն կարող է ծավալել ոլորտում՝ բարձր, միջին եւ ցածր լարման էլեկտրականության բաշխման, ինչպես նաեւ հաշվարկման ավտոմատ վերահսկման լաբորատորիաների կարեւորությունը ներկայացրեց Կենտրոնի ղեկավար Վարուժան Առաքելյանը.

Ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային է ոլորտի համար՝ նկատեց «Կասկադ» հոլդինգի վարչության անդամ Սերգեյ Պողոսովը:
«Առաջիկա երեսուն տարիներին ոչ մի նոր ու լավ բան շուկայում չի հայտնվելու, քան այն սարքերը, որոնք այստեղ տեղադրված են»:
Սարքավորումներ, որոնցով 4-5 ամիս անց հագեցվելու են Հայաստանի էներգոհամակարգն ու էլեկտրական ցանցերը՝ սկսած խելացի հաշվիչներից: Դրանց գործունեությունը նախատեսված է այնպես, որ էներգոմատակարարող ընկերությունների եւ սպառողների շահերի բախում չառաջացնի:
Մատուցվող էներգիայի ծախսի մասին եւ նման այլ տեղեկություններ սպառողը կկարողանա ստանալ գրեթե օնլայն տարբերակով՝ հայտնեց արտադրող ընկերության ներկայացուցիչը.

Կենտրոնի հնարավորությունների կարեւորությունն ընդգծեց նաեւ կրթօջախի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Գիտություն-կրթություն-բիզնես համագործակցություն, որի լավ արդյունքները կասկածից դուրս են: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը համոզված է՝ սա սկիզբն է:
«Սա, իսկապես, լավ փորձ է, երբ բիզնեսը ուղիղ մտնում է համալսարան, դնում է իր պատվերը, ձեւավորում է համապատասխան պատվերներ եւ արդյունք՝ արդեն նաեւ ուսանողները գիտեն, որ ունեն համապատասխան աշխատանք ավարտելուց հետո»:

Այսօր հրապարակվել են նաեւ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի գերազանցությամբ սովորող 55 ուսանողների ցուցակները, որոնք «Տաշիր» ընկերության կողմից կստանան կրթաթոշակներ տարեկան 6000 դոլարին համարժեք դրամի չափով:




