

«ԵԱՏՄ և ԵՄ. հայկական գործոն» միջազգային գիտաժողովի ընթացքում հայ և ռուս փորձագետները կարծիքներ են հայտնել Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների մասին:
Ռուս փորձագետները հակված են շեշտադրելու Հայաստանի անվտանգության կարևորությունը՝ ընդգծելով ղարաբաղյան խնդրի առկայությունը:
Մինչդեռ հայկական կողմից ընդգծվում է «ե՛ւ, ե՛ւ» քաղաքականությունը։
Հայաստանն արդեն ԵԽ անդամ է, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանը վաղուց կատարել է իր ընտրությունը, մենք Եվրոպայի մաս ենք թեկուզ շատ հարավ արևելյան, ինչի մասին շատերն այսօր մոռանում են. հենց սկզբից իբրև նկատառում ներկայացրեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ապագան եվրոպական ուղղությունն է , իսկ այլ ուղղությունների՝ օրինակ Շանհայի կազմակերպությունում ընդգրկվելու մասին խոսակցությունները, նրա կարծիքով, արհեստական են: Քաղաքական, քաղաքակրթական առումով մեր տեղը պարզ է.
«Երևանը նոյեմբերի 24-ին ծրագրում է ստորագրել ԵՄ հետ շրջանակային նոր համաձայնագիր, ինչը և լրացնում է և չի հակասում ԵԱՏՄ—ին: Օրինակ՝ ԵՄ հետ համաձայնագրում հստակ գրված է, որ մարդու իրավունքները պետք է հարգվեն ու պաշտպանվեն։ Ոչ մի նման ձևակերպում չկա ԵԱՏՄ համաձայնագրում: ԵՄ համաձայանգրում գրված է, որ ԵՄ պատասխանատվություն է ստանձնում վերականգնել մեր արտադրանքի որոշ մասը ՀՀ շրջաններում: ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրում խոսվում է շաքարը ազատ առևտրի ռեժիմից դուրս հանելու մասին։ Հիմա կհարցնեք՝ ինչ կապ ունի շաքարը մեր խոսակցության հետ։ Շատ պարզ։ Դրանով արտահայտվում են Հայաստանի օլիգարխիկ շրջանակների շահերը»:
Օրինակները շատ են, ինչը ցույց է տալիս, ըստ քաղաքագետի, որ ԵՄ հետ համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ-ի մեր պարտավորություններին:
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ, կարծես հակադարձելով հայ քաղաքագետին, հատուկ ընդգծեց Հայաստանի անվտանգության ապահովման հարցը:
«Ինչ է անում Մոսկվան՝ շատերը կհարցնեն։ Ընդամենը թեթև երկու բան. զենք է մատակարարում և անվտանգությունն է ապահովում: Փոքրիկ երկու հարցիկներ: Եթե չլիներ Մոսկվան ղարաբաղյան խնդրում՝ 25 տարվա ընթացքում քառօրյա պատերազմներ կարող էին արձանագրվել ամեն ամիս»:
Ռուսաստանցի տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ամեն ինչ ավելի պատկերավոր է ներկայացված, գործնականում պատկերն այլ է: ԵԱՏՄ-ում դոմինանտող դերակատարումը վերապահված է Մոսկվային և պետք չէ Մոսկվային փոխարինել Բրյուսելով, դա անհեռանկարային ու անհեռատես մոտեցում կլինի:
Ոչ ՆԱՏՕ-ն և ոչ էլ ԵՄ չեն կարող անվտանգություն ապահովեն, այդ համաձայնագրերը ավելի շատ խոսքեր են, քան՝ գործողությունների միտված ծրագրեր՝ ասաց ռուս տնտեսագետը։ Նա հարց տվեց, թե որքանով է ճիշտ Երևանի վարած այն քաղաքականությունը, ըստ որի հավասարակշռող նշան է դրվում ԵՄ և ԵԱՏՄ-ի միջև:
Հարցին ի պատասխան՝ փորձագետ Գևորգ Մելիքյանը հստակեցրեց, որ Հայաստանը խնդիր չի դրել Ռուսաստանին հակադրելու ԵՄ-ն, Երևանի մոտեցումը միտված է համադրությանը։ Հայաստանը ոչ թե տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է դիտարկվում, այլ՝ կամուրջ:




