

Կենտրոնական բանկը պետք է վերանայի իր աշխատելաոճը վարկային կազմակերպությունների հետ՝ խստացնելով դրանց վերահսկողությունը: «Ռադիոլուր»-ի տնտեսագետ զրուցակցի համոզման հիմքում դիտարկումներն են, ըստ որոնց՝ հայաստանյան վարկային կազմակերպությունները քաղաքացիներին վարկավորման տարբեր գայթակղիչ առաջարկներ են ներկայացնում, որոնք սակայն ծուղակ են պարունակում:
Անտոկոս, առանց փաստաթղթերի, շատ արագ տրամադրվող վարկերը երբեմն քաղաքացու համար այնքան թանկ են, որ այլ միջնորդավճարները, տույժ ու տուգանքները տոկոսի վերածած՝ գերազանցում են 30 տոկոսը: Խնդրի հետքերով` «Ռադիոլուր»-ն է գնացել:
Հեռախոսին՝ հաղորդագրություն, մատչելի վարկի խոստում, ինտերնետային համառ հիշեցումներ, ու «Ռադիոլուր»-ի զրուցակիցն արդեն վարկային կազմակերպության հասցեն էր փնտրում: Շտապ գումար էր պետք:
«ID-ով հարցում արեցին, 10 րոպեում հարյուր հազար դրամ տրամադրեցին»:
Միջնորդավճար, այլ վճարներ, տոկոսադրույք իսկապես չեն եղել: Առաջարկել են նոր վարկ էլ տրամադրել, բայց զրուցակիցս այստեղ կանգ է առել:
«Շահավետ չէր օգտվելու համար՝ ամսական 15 հազար դրամ՝ հարյուր հազարի դիմաց»:
«Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը տնտեսագետ է՝ վարկային մասնագետ: Նման դեպքերի լավատեղյակ է, բայց լավատես լինել չի շտապում: Վարկային կազմակերպությունների գայթակղիչ առաջարկները երբեմն ծուղակ են պարունակում՝ շեշտում է: Որտե՞ղ է ծուղակը: Նախ՝ գործարքն առանց փաստաթղթերի չէ. երկկողմ պայմանագիրն արդեն փաստաթուղթ է՝ ասում է: Վարկն առանց գրավի է, քանի որ գումարը փոքր է, կարող են հեշտությամբ դատարանով հետ ստանալ կամ բռնագանձել: Շահառուին ամենագրավողը առանց տոկոսադրույքի վարկի խոստումն է: Ծուղակները հենց այստեղից են սկսվում:
«Ամենակարեւորն այն մասն է, որ նշվում է՝ առանց տոկոսի: Բայց վարկը, կոպիտ ասած, առանց տոկոսի չէ: Այնտեղ կան կոմիսիոն վճարներ, վարկը ստանալիս արդեն իրենք պահում են իրենց միջնորդավճարը, որը եթե վերածում ես տոկոսի, շատ ավելի բարձր է գալիս, քան թույլատրում է Կենտրոնական բանկը տոկոսադրույք կիրառելու համար՝ մինչեւ 24 տոկոս»:
Ովքե՞ր են դիմում նման վարկեր ստանալու: Մարդիկ, ովքեր արդեն ունեն վարկեր կամ այլեւս չեն կարողանում ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել, դիմում են գրավիչ, բայց իրականում թանկ վարկերի:

«Ժողովրդի 90 տոկոսը չի պատկերացնում, շահագրգռված գնում են, վերցնում: Հետո արդեն վերադարձնելիս հաշվարկում են ու տեսնում, թե որքան թանկ է նստում դա իրենց վրա: Առաջին անգամ վերցնելուց հետո 90 տոկոսը նորից երկրորդ անգամ վարկավորվում է ավելի ծանր պայմաններով՝ տոկոսներ, միջնորդավճարներ: Այս ամենը բերում է սոցիալական լուրջ հետեւանքների»:
Վարկային կազմակերպություններից մեկի հետ մեր մասնավոր զրույցը հաստատում է զրուցակցիս մտահոգությունները: Առաջին վարկն, իրոք, տրամադրվում է արագ, անտոկոս և առանց միջնորդավճարի՝ 30 օրով: Բայց հաջորդում են «բայցերը»: Մեջբերեմ վարկային կազմակերպության հետ նամակագրությունից մի հատված:
«Վարկի վճարի ուշացման դեպքում կհաշվարկվի 1% տույժ ամեն օրվա համար: Տույժից խուսափելու համար հնարավոր է երկարացնել մարման ժամկետը՝ բայց արդեն 6-15 տոկոս տոկոսադրույքով»:
Երբեմն շտապ գումար ստանալու կարիքը երկրորդ պլան է մղում վարկի մանրամասները: Ընդ որում, ինչպես շեշտում է տնտեսագետ զրուցակիցս, վարկային կազմակերպության «ձեռքին» նայում է մարդկանց այն զանգվածը, որն իրոք գումարի կարիք ունի ու հաստատ էլի է գալու դրա դուռը: Բայց էլի «բայցեր» կան: Կրկին անդրադառնամ վարկային կազմակերպության հետ մեր նամակագրությանը:
Անտոկոս է միայն առաջին վարկը։ Հաջորդ վարկերի համար կգործի 24% տոկոսադրույք և միջնորդավճար մինչև 3 տոկոս: Այս վարկի մարման ժամկետը եւս կարող է երկարացվել՝ կրկին այլ տոկոսադրույքներով:
Ու վարկային բեռը պատրաստ է: Հենց այնպես գումար չեն բաժանում: Անպայման ճշտվում է վարկառուի վարկային պատմությունը: Կիրառվում է այսպես կոչված «սթրես-հոգեբանության» մոտեցումը: Իր գումարները վարկային կազմակերպությունը հաստատ հետ կստանա՝ բռնագանձումով լինի, հաշվի վրա կալանք կիրառելով լինի, թե դատարանով՝ ասում է տնտեսագետը:
«Իրենց կոմիսիոն վճարներն այնքան բարձր են, որ մի երկու հատ նման վարկ կորցնելն արդեն իրենց համար էական չէ: Հաստատ օրենքի բաց է, որ իրենք կարողանում են նման «խաղեր» տալ»:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից «Ռադիոլուր»-ին տեղեկացրին՝ վերջին 4 տարում վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձումներն ավելացել են գրեթե քառակի: Վարկավորումն էլ է աճել, բայց դրանից մտահոգությունները չեն փարատվում:
«Միայն այս տարվա առաջին կիսամյակում վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի հետ ստացման նպատակով բռնագանձումները կրկնակի գերազանցել են 2014-ի ողջ տարվա ցուցանիշը»:

Վարկային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը Կենտրոնական բանկինն է: Գլխավոր դրամատունը կարող է դրանց համար հաստատել կանոնակարգեր ու որոշ սահմանափակումներ միջոցների ներգրավման, տեղաբաշխման և չափերի, նաև իրենց առնչվող անձանց առումով: Այլ սահմանափակում չկա, բայց կա հորդոր ԿԲ-ից՝ ուղղված քաղաքացիներին՝ օգտվել միայն լիցենզավորված կազմակերպությունների վարկերից: ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի վերահսկող Գրիգոր Աբաջյան.
«Վարկային կազմակերպություններն իրենց գովազդները միշտ էլ հնարավորինս հրապուրիչ են կառուցում: Բայց մենք ինտենսիվ կերպով այդ գովազդները հսկվում են, առանձին-առանձին բոլոր գովազդները մոնիթորինգի ենք ենթարկում, եւ եթե անարժանահավաը կամ մոլորեցնող գովազդ ենք տեսնում, պարզում ենք պատճառներն ու իրականցնում համապատասխան միջոցառումներ»:
Գրիգոր Աբաջյանը շեշտում է՝ օրենքի պահանջով եթե գովազդում նշվում է վճար, պետք է անպայման ներկայացվի նաեւ տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը ներառում է բոլոր այլ վճարները: Արդյո՞ք արվում է այդպես: Խախտումների դեպքեր ԿԲ-ին հայտնի են՝ պարզել են, պատժել: Բայց դրանից վարկառուի բեռը չի թեթեւացել:
ԿԲ-ն փորձում է կանխել նման դեպքերը, այլ բան նախատեսված չէ: «Ռադիոլուր»-ի տնտեսագետ զրուցակիցն այս առումով շեշտում է՝ բացեր կան, ու խնդիրը ԿԲ-ինն է. պետք է խստացվի վերահսկողությունը, միջնորդավճարների, այլ վճարների ու տույժերի խելամիտ շեմ սահմանվի, որ վարկի մեջ խրված մարդը «վարկահեղձ» չլինի:




