
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Ինչպես հայտնում է Agence France-Presse, 93-ամյա շանսոնյեն, ով հայտնի է որպես Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, այս շաբաթ համերգ կտա Թել-Ավիվում։
Մեդալը հանձնելու հանդիսավոր արարողությունն անցկացվել է Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում:
«Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար: Փրկարարական աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Շառլն ու նրա քույրը՝ Աիդան»,- ասվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ընդգծել է, որ հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա Ազնավուրի ու նրա ընտանիքի արածը:
Ազնավուրը, ով ծնվել է Փարիզում, խոսել է իր հայկական ծագման մասին, համեմատություն է արել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ՝ ընդգծելով․
«Մենք՝ հայերն ու հրեաները, այնքան շատ ընդհանրություններ ունենք, դժբախտության, երջանկության, աշխատանքի, երաժշտության մեջ, արվեստում, սովորում ենք տարբեր լեզուներ՝ դառնալով կարեւոր մարդ այն երկրներում, որտեղ մեզ ընդունել են», — ասել է Ազնավուրը:




