Հասարակություն

Վերջին երեք տարում Գրին քարտի խաղարկության մասնակիցների թիվն ավելացել է 33 հազարով


Գրին քարտի խաղարկության ծրագրի մասնակիցների գրանցումը մեկնարկել է այսօր և կավարտվի նոյեմբերի 22-ին:

Այս խաղարկությունը Հայաստանում մեծ տարածում ունի այն մարդկանց շրջանում, ովքեր իրենց ապագան տեսնում են օվկիանոսից այն կողմ։

Սա եւս մեկ առիթ է՝ խոսելու Հայաստանում միգրացիոն խնդիրների մասին։ 

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների ԱՄՆ- ում հաստատվելու ցանկությունը տարեց տարի աճում է: Հենց դրա մասին են վկայում ԱՄՆ դեսպանատան կողմից «Ռադիոլուրին» տրամադրած տվյալները: Միայն 2015 թվականին Հայաստանից «Գրին քարտի» համար մուտք է արվել ավելի քան 56 հազարից ավելի դիմում 131 հազար  քաղաքացու անունով:

Մինչդեռ՝ 2014 թվականին դիմումների թիվը 7 հազարով պակաս։ 2013 թվականին խաղարկությանը եղել էր էլ ավելի քիչ դիմում՝ մոտ 42 հազար՝  98 հազար անունով:

Ի դեպ՝ տարեց տարի ոչ միայն գրին քարտով Միացյալ Նահանգներում հաստատվելու ցանկություն ունեցողների թիվն է ավելանում, այլ ընդհանրապես Հայաստանից մեկնողների:

Սրա մասին վկայում են ԳԱԱ սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները։ Ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ հիմնականում մեկնում են  միջին տարիքի տղամարդիկ:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ նախապատվությունը տալիս են  Ռուսաստանի Դաշնությանը, 2-րդ տեղում եվրոպական երկրներն են և միայն 5 տոկոսն է մեկնում Միացյալ Նահանգներ:

Իհարկե, վերջին տարիներին բավականին հասանելի է նաև վիզային ռեժիմը: Թեև անգամ այս պարագայում Միացյալ Նահանգները միևնույնն է զիջում են եվրոպական երկրներին նույնիսկ գրին քարտի խաղարկության պարագայում՝ նկատում է զրուցակիցս:

Ի դեպ՝ վերջերս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա:

«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերենին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»,- հայտարարել էր Թրամփը: Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում՝ օրենքը կվերացնի «խաղարկությունը և կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Հնարավո՞ր է արդյոք, որ սա իսկապես Green card-ի վերջին խաղարկությունն է և այլևս ուժի մեջ են մտնելու նախագահ Թրամփի հայտարարած կանոնները: ԱՄՆ դեսպանատնից մեզ հայտնեցին, որ խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագիրն արտոնված է ԱՄՆ կոնգրեսի կողմից, ուստի այս պահին որևէ տեղեկատվություն չկա ծրագիրը դադարեցնելու մասին:

Եվ վերջում. տեխնիկական խնդիրներով պայմանավորված` 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից՝ այսօրվանից։ Բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը:

Կարդացեք նաև

Back to top button