

Այսօր հայ մամուլի օրն է: Որքանո՞վ է տպագիր մամուլը հետաքրքրում այսօրվա լսարանին, ինչպես է այն պահում իր գոյությունը: Խնդիրներ են, որոնց վերաբերյալ «Ռադիոլուր»-ը զրուցել է թերթի խմբագիրների հետ: Բոլորն էլ միակարծիք են, որ տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրությունը նվազել է։ Որոնք են դրա պատճառները՝ ռեպորտաժում:
Հայ մամուլն այսօր ծանր օրեր է ապրում։ Եվ խոսքը ոչ թե ազատ խոսքի սահմանափակման, լրագրողների իրավունքների խախտումների, այլ ընթերցողների կորստի մեջ է։ Մարդիկ այսօր ավելի քիչ են թերթ գնում։ Ըստ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի, տպագիր մամուլը տեղը զիջում է առցացն լրատվությանը:
Առցանց տարբերակը գրավում է մատչելիության առումով, օպերատիվության շնորհիվ: Այն, ինչը պետք է տպագիր տեսքով ներկայացնել, կստացվի ավելին քան 12 ժամ հետո, իսկ կայքում զետեղելը ակնթարթային է: Օպերատիվության պահանջարկ կա։
«Իրավունքի» խմբագիրը կարծում է, որ տպագիր մամուլը պետք է փոխի իր ուղղվածությունը, դառնա ավելի շատ վերլուծաբան։ Սա է նրա փրկության ճանապարհը։
Այս տեսակետին ինչ- որ առումով համաձայն չէ «Իրավունքի» այսպես ասենք գաղափարական հակոտնյան՝ «Հայկական ժամանակը»։ Այս օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը նախ արձանագրում է՝ էլեկտրոնային լրատվամիջոցներն առաջարկում են նաև վերլուծական նյութեր:
Սա միայն Հայաստանի մամուլի խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես: Տպագիր մամուլը առայժմ ճգնաժամի մեջ է: Գուցե գա ժամանակ, երբ ընթերցողը կվերադառնա մամուլին, որը տալիս է շատ կոնկրետ ձևաչափով, կոնկրետ ընտրությամբ լրատվություն, բայց նույնիսկ ամբողջ աշխարհում չենք տեսնում, որ վերադարձ կա դեպի տպագիր մամուլ:
Լրատվական ոլորտն այսօր յուրաքանչյուրին տալիս է հնարավորություն ընտրել ճաշակին համապատասխան լրատվություն, իր հերթին նշում է «Առավոտ» առցանց թերթի խմբագիր Աննա Իսրայելյանը: Այն, որ տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրությունը նվազել է, նա բացատրում է քիչ տպաքանակով:
«Հայկական ժամանակի» խմբագիր Աննա Հակոբյանը նշում է, որ, տպագիր մամուլի ջատագովները հիմնականում տարեցներն են, իսկ երիտասարդները նախապատվությունը տալիս են էլեկտրոնային մամուլին։ Այժմ փորձենք տեսնել, թե ընթերցողներն իրենք ինչպիսի մամուլ են նախընտրում եւ ինչպես են բացատրում իրենց նախապատվությունը։
«Նորություններին տեղեկանում ենք ֆեյսբուքից: Թերթեր չենք հասցնում կարդալ, որովհետև մինչև նորությունները թերթեր են հասնում, արդեն ինտերներտը տեղադրում է: Կնախընտրեմ տեսնել դրական, լավ, Հայաստանի բարգավաճմանը վերաբերող նորություններ: Ես աշխատում եմ թերթերից օգտվել, քանի որ հեռուստացույց դիտելու ժամանակ չունեմ: Կուզենայի ժողովրդի բարեկեցությանը նվիրված նորություններ լիներ: Նորություննեը ես հիմնականում լուրերով եմ ծանոթանում, որովհետև թերթ գնելու գումար չունեմ»:
Տպագիր մամուլի խմբագիրները հույս ունեն, որ նորից կգա այն ժամանակը, երբ մարդիկ լուրերն ստանալ թերթի էջերից։




