

Տոն տեխնոլոգիական հայության համար. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «ԴիջիԹեք էքսպո-2017» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը: 13-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 1-ը:
«Տոն տեխնոլոգիական հայության համար»: Սա ցուցահանդեսի այս տարվա խորագիրն է: Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում այս անգամ ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսում առաջին անգամ հայկական ինժեներական թիմը ներկայացրել է առաջին հայկական էլեկտրական ավտոմեքենան:

Գուրգեն Մարդոյանը հայկական առաջին էլեկտրոմոբիլը մշակած թիմի անդամներից է: «Նըշընըլ ինսթրումենթս» ընկերության համակարգային ինժեներն ասաց, որ միանշանակ հայկական էլեկտրոմոբիլի համար ինքը հեռանկար տեսնում է: Կարծում է, որ կգա Հայաստանում իրենց մշակած կոնցեպտի սերիական արտադրության ժամանակը, որը կգտնի նաեւ շուկայում իր տեղը: Զրուցակիցս պարզաբանեց նաեւ, թե որտեղից է գալիս իր վստահությունը ապագայի հանդեպ.
«Հիմա ավտոմեքենաշինության ինդուստրիայում հեղափոխություն է: Նման ժամանակաշրջաններում որոշ կարծրացած, հսկա կազմակերպություններ երբեմն նույնիսկ չեն հասցնում, սակայն նոր կազմակերպությունները, որոնք նոր բան են սկսում արտադրել, առաջ են անցնում: «Տեսլան» մեկ օրինակն է: Այսինքն, միշտ փոքր կազմակերպությունները, փոքր երկրները փորձում են մտնել նոր բաների մեջ, որպեսզի զարգանն: Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, բազմաթիվ մարդկանց հետ ենք զրուցել՝ հույսեր կան»:

Հայկական էլեկտրական ավտոմեքենա ստեղծելու գաղափարը եւ աշխատանքների իրականացման առյուծի բաժինն ինժեներ Դավիթ Գեւորգյանինն է: Նա նույնպես վստահ է նայում ապագային՝ իր ստեղծած էլեկտրական մեքենայի համար լավ հեռանկարներ է տեսնում:
Առաջին հայկական էլեկտրական ավտոմեքենայի ինքնարժեքը, Դավիթ Գեւորգյանի փոխանցմամբ, 5-6 հազար ամերիկյան դոլար է: Երբ գա սերիական արտադրության ժամանակը՝ հաշվարկներ կարվեն, իհարկե, հաշվի առնելով նաեւ հաճախորդների ցանկությունները՝ ասաց.
Աշխարհում շուկան մրցակցային է եւ շահում է նա, ով ամենալավ առաջարկն է ներկայացնում: Այս սկզբունքով են առաջնորդվում «Բիթլիսմեն» ընկերությունում եւ չեն անհանգստանում մրցակիցների գոյությունից: Ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած հիդրոէլեկտրակայանի փոքր մոդելը՝ աշխատանքի մեջ:
Ընկերության ներկայացուցիչ, ճարտարագետ Գեւորգ Փարսյանը տեղեկացրեց, որ ստեղծված ՀԷԿ-ի փոքր մոդելը նախատեսված է ուսումնական նպատակներով: Ուսանողները դրա օգնությամբ կկարողանան առարկայորեն հասկանալ աշխատանքի եւ կայանի կառավարման արդյունավետ սկզբունքները՝ քիչ քանակությամբ ջրով առավել էներգիա ստանալու համար: Պատվիրատուների մասին չեն մտածում: Ցուցադրված նմուշն էլ արդեն վաճառված է. 5 հազար դոլարով այն գնել է Հունգարիայի համալսարաններից մեկը: Նա ներկայացրեց նաեւ իրենց մշակած ուսումնական սարքի գնորդների աշխարհագրությունը:
Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացրած «Խելացի տուն» համակարգի հեղինակները Սլավոնական եւ Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողներն են: Համակարգը ներառում է տան էլեկտրոնային ամբողջական կառավարում՝ սկսած վարագույների բացել-փակելուց, մինչեւ տան տեսահսկողություն: Արման Ավետիսյանը վստահեցրեց, որ իրենց առաջարկը, ի տարբերություն մրցակիցների, ունի ավելի մեծ պաշտպանվածություն եւ ավելի մատչելի է:

Ցուցահանդեսում տեղ են գտել նաեւ դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: Այցելուների համար տեղեկատվություն կա նաև թափուր աշխատատեղերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ:




