

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի ընթացքում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հասցրել է արդեն ելույթ ունենալ ու հակադարձել Բաքվում հակահայկական քարոզչությանը՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:
Այս համատեքստում Աշոտյանը նաև ընդգծել է, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, և անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Նա հորդորել է նաև ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար:
Հայկական պատվիրակության ղեկավարը անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան:
Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։
Նախկին գումարման խորհրդարանում Եվրանեսթի անդամ Թևան Պողոսյանը, որը եւս ժամանակին Բաքու էր այցելել, «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորեց հայկական կողմի մասնակցությունը Բաքվում ընթացող Եվրանեսթի վեհաժողովին:
«Նրանք ունակ են տեղում ինչպես հարկն է պատասխան տալ և պատվով կկատարեն իրենց առջև դրչված խնդիրը՝ բարձր պահելով ՀՀ պատիվը»:
Եվրանեսթի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:
Անվտանգության առումով խնդիր չի լինի Բաքվում Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի համար, բայց հնարավոր է հյուրանոցից դուրս գալու դեպքում բողոքի ակցիաների ականատես լինեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողում հայկական պատվիարակության նախկին անդամ Մհեր Շահգելդյանը:
Նա հորդորում է հայկական լրատվամիջոցներին չօգտվել ադրբեջանական լրատվամիջոցներից ու սադրանքների չտրվել:




