Տնտեսական

Գյուղատնտեսության անկման պատճառները կուսումնասիրեն վարչապետի հանձնարարականով


Կառավարության այսօրվա նիստն էլ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: 2018 թվականին Հայաստանում նախատեսվում է Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպել: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի: Նիստի օրակարգում է նաեւ  Հայաստանի Թվային Օրակարգը։ Այն, ըստ կառավարության ղեկավարի, ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը:  Մինչ ապագայի գործողությունների մշակումը, կառավարությունում մտահոգված են  երկու ոլորտներում  շարունակաբար գրանցվող բացասական միտումներով: Թե ինչու է գյուղատնտեսությունում շարունակաբար անկում գրանցվում, երկու շաբաթվա ընթացքում կպարզեն պատասխանատու մարմինները՝ վարչապետի հանձնարարականով: Տնետսագետները, սակայն, ունեն այդ հարցի պատասխանը:

Տասը տարուց ավելի է, ինչ գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություն է  հռչակված: Ավելին, ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարությունները հատուկ ծրագրեր ու խրախուսման միջոցներ են ներգրավում ոլորտի զարգացման համար: Սակայն ազգային վիճակագրական ծառայության տվյալները հուսադրող չեն: Մոտ տասը տոկոս անկումը անտարբեր չթողեց անգամ  Հայաստանի վարչապետին:

Համապատասխան կառույցները  երկու  շաբաթ ժամանակ ունեն ամփոփելու և  կառավարությանը ներկայացնելու  գյուղատնտեսության ոլորտում  անկման պատճառների վերաբերյալ վերլուծություն: Սա Կարեն Կարապետյանի հանձնարարականն է:

Մինչ այդ՝ տնտեսագետներն իրենք են փորձում ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում անկման պատճառները:  Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը  նկատում է՝ գյուղատնտեսությունը  կազմակերպված ու ավտոմատացված մակարդակով իրականացնելու խնդիր ունենք:  Գյուղացին զգում է, թե ինչպես են իր շահույթն իր ձեռքից տանում՝ ասում է ու պարզաբանում՝ դա  նաև արտահանման հետ է կապված. «Արտահանման աճի ու պատրաստի սննդի գաղափարի մասին ենք թմբկահարում։ Դա գյուղացու վերքերի մասին է, դա թաքնված է, որը չի գրվում ու չի երևում»:

Արտահանման կշռում բավականին մեծ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսական արտադրանքը: Վիլեն Խաչատրյանը նշում է՝ գյուղատնտեսական ապրանքը ՌԴ է գնում, մատակարարում է արտագաղթած մարդկանց: Տեղական արտադրանքը, ըստ տնտեսագետի, այնքան  քիչ է, որ ներքին սպառողի կենսամակարդակի ու կյանքի որակի  բարձրացմանը չի ուղղվում, չնայած պետք է ուղղվեր: «Արտասահմանի՝ հատով միրգ  գնելու  փորձը նաև Հայաստան է  տեղափոխվել»,- նշում է ու պարզաբանում. «Սա արդեն իսկ խոսում է, որ դու քո գյուղատնտեսությունը ոչ թե ուղղել ես ներքին պահանջարկի բավարարմանը, այլ ընդհակառակը, դու դա ուղղել ես արտահանմանը, արտահանման գումարները կենտրոնացրել ես որոշ մարդկանց մոտ, իսկ գյուղացին այդ շահույթի մասնաբաժինը չի կարողացել ստանալ»:

Գյուղատնտեսությունում հիմնական անկումը բուսաբուծության ոլորտում է: Վիլեն Խաչատրյանը եզրակացնում է՝ գյուղացին չի ցանկանում զբաղվել հողագործությամբ: Կան պարապուրդի մատնված հողեր, ոռոգման համակարգում են խնդիրները: Այն, որ  գյուղացին դժվարությամբ է հող մշակում, նաև մեր հարցումներն են ցույց տալիս:

ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը գյուղատնտեսության ոլորտի  անկումն ավելի շատ անբարենպաստ եղանակով, քան  հողերի մշակումից հրաժարվելով է պայմանավորում:

Գագիկ  Մակարյանը կարծում է նաև, որ այս տարվա աննախադեպ շոգն էլ անկման պատճառ դարձավ:  Ընդհանուր առմամբ, զրուցակիցս կարծում  է, որ ոլորտում մենեջմենթի ներդրման կարիք կա, գյուղացին ճիշտ խորհրդատվության կարիք ունի: Հարկավոր են նաեւ տեխնոլոգիական լուծումներ, ներդրումներ, ոռոգման համակարգի խնդրի վերջնական լուծում:

Կարդացեք նաև

Back to top button