Հասարակություն

Ջավաքը Հայաստանից կանոնավոր դասագրքեր արդյո՞ք ստանում է

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղի հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, արհմիության խորհրդի նախագահ Այծեմնիկ Գասպարյանը  զարմանում է մեր փոխանցած լուրից, թե Սփյուռքի նախարարությունը մեծ խմբաքանակով  հայերեն դասագրքեր  է ուղարկել  Ջավախք։ Ասում է, որ իրենք արդեն մի քանի տարի է չեն ստանում այդ դասագրքերը:

Մինչդեռ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Սփյուռքի նախարարության Մերձավոր Սփյուռքի վարչություն պետ Տարոն Շագոյանը հավաստիացնում էր, որ դասագրքերն ամեն տարի ուղարկվում են, այս տարին էլ բացառություն չէ։ Դասագրքերի բաշխումն իրականացնում է  Վրաստանի կառավարությունը։

Շագոյանն ասում է՝ գուցե մի քիչ ձգձգվում է՝ փոստաշրջնառություն հետ կապված, քանի որ սահմանին երբեմն խոչընդոտներ  են առաջանում, բայց գրքերը, այնուամենայնիվ, տեղ են հասնում։

Նշենք, որ այս տարեսկզբին հուշագիր ստորագրվեց Վրաստանի ու ՀՀ կրթության նախարարությունների միջեւ, ըստ որի մեր մասնագետները  իրենց ծրագրերով կարող են մասնակցել հայալեզու դասագրքերի մշակմանը, եւ  ջավախահայության մտահոգությունները կփորձեն այս կերպ փարատել։

Ի դեպ՝  ՀՀ քաղաքացիների համար նախատեսված դասագրքային ծրագրերն ամբողջությամբ չեն կարող ընդունվել Վրաստանի իշխանությունների կողմից, քանի որ պատմության դասագրքերում անդրադարձ են  կատարում օրինակ 1918-1920թթ. Վրաստանի հետ մեր հարաբերություններին, վեճերին և այլն, որը բնականաբար վրացական կողմի համար անընդունելի է։

Կրթության գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը  նշում  է, որ գործընկերների հետ պետք է փոխհամաձայնության գան, օբյեկտիվորեն հասկանալի է նրանց դժգոհությունը:

Սակայն, Զակ գյուղի հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Այծեմնիկ Գասպարյանը նշում է, որ արդեն մի քանի տարի է հայոց պատմություն առարկան դուրս է եկել դպրոցական ծրագրից:

Նշենք, որ Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին հայտարարել էր, որ հարեւան երկրում գործող հայկական դպրոցների նոր դասագրքերը կհրատարակվեն հենց Վրաստանում և ուսումնական ծրագրում կներառվեն 2018-2019 ուսումնական տարում։

Վերջին անգամ 2012-ին է Հայաստանից կանոնավոր կերպով դասագիրք ուղարկվել Ջավախք, դրանք եղել են հայոց լեզվի, հայ գրականության դասագրքեր ու տարրական դասարանների աշխատանքային տետրեր։ Սակայն Սահակաշվիլիի իշխանության վերջին տարում իշխանությունները որոշեցին արգելել Հայաստանից գրքերի առաքումը Ջավախք։ Արգելքը պահպանվեց նաեւ Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո։

Կարդացեք նաև

Back to top button