

Համայնքային եկամուտների հարյուր տոկոս հավաքագրում. կառավարության ղեկավարը համայնքների ղեկավարների առջև հստակ խնդիր է դրել։ Դրա մասին Կարեն Կարապետյանը հաճախ է խոսում, կարևորում սեփական եկամուտների ավելացումն ու հայտարարում՝ արդեն հաջորդ տարվանից համայնքների բյուջեի նկատմամբ վերահսկողությունը մեծանալու է:
Լոռու մարզի Գուգարք համայնքը ամենամեծ գյուղերից է: Տարեկան բյուջեն համայնքի ղեկավարի խոսքով՝ 150 մլն դրամ է: Աշոտ Աշուղյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ եթե պետությունը ֆինանսապես իրենց չաջակցի, ապա գոյատևել չեն կարող:
Համայնքային բյուջեներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու։ 2018-ից արդեն ֆինանսավորման խաղի նոր կանոններ կսահմանվեն: Կառավարության ղեկավարը Գեղարքունիքի մարզի համայնքապետերին ասաց.
«Բյուջեն շատ կոշտ կոնտրոլի տակ է լինելու, հավասար գործընկերային հարաբերություններ ենք: Մենք հարգում ենք մեր համայնքապետերի իրավունքները, որ իրենք ընտրված ղեկավարներ են: Բայց դա չի նշանակում, որ իրենք իրենց համայնքում մի ռեժիմով պիտի ապրեն, մենք՝ մեկ այլ: Ձեր բյուջեները լավը չեն, ավելին՝ շատ վատն են»:
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ռադիլուրին» վստահեցրեց՝ վարչապետի՝ սեփական եկամուտների հավաքագրման դժգոհություններն իր ղեկավարած համայնքին չեն վերաբերում: Նշեց՝ 100 տոկոսով սեփական եկամուտներ է հավաքագրում: Մեր՝ այսինքն ձեզ մոտ արտոնյալներ չկա՞ն հարցին՝ արձագանքեց՝
«Մեզ մոտ արտոնյալներ չկան, մեր քաղաքում ինձնից սկսած բոլորը 100 տոկոսով հարկ են վճարում: Ոչ մեկը չի պլստում»:
Այս համայնքը պետբյուջեից ստանում է 230 մլն դրամ լրավճար, համայնքում հարկային եկամուտները կազմում են 80 մլն դրամ:
Համայնքների ղեկավարներն իրենց համայնքներում սեփական եկամուտների թերի հավաքագրումը հիմնականում բնակիչների ոչ վճարունակ լինելով են բացատրում:




