Հասարակություն

Փաստաբանների պալատն ընտրությունների է գնում առանց այլընտրանքի


Փաստաբանների պալատի մի խումբ անդամներ մտադիր են դիմել բողոքի ծայրահեղ միջոցի՝ գործադուլի` այդպես արտահայտելով իրենց բողոքի դատարաններում ու քրեակատարողական հիմնարկներում զննության՝ վերջին շրջանում խնդրահայուց դարձած  պրակտիկայի դեմ:   Փաստաբան Երվանդ Վարոսյանն այսօր «Ռադիոլուր»-ին ասել է, որ խոսքն արդեն ոչ թե մտադրության, այլ հստակ որոշման մասին է, որի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: Հնարավոր գործադուլը կնախորդի ՓՊ նախագահի   ընտրություններին, որին կառույցը գնում է համարյա պառակտված կամ ներքին հակասությունները չհաղթահարած:

Փաստաբանների պալատի մոտ  90  անդամ  պաշտպանում է գործադուլի դիմելու նախաձեռնությունը և կարծում, որ այդ քայլը կարող է ստեղծված իրավիճակին հակազդելու գործուն միջոց դառնալ: Սա արդեն ոչ թե մտադրություն է,  այլ հստակ որոշում, որի մասին կհայտարարվի   առաջիկա օրերին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց փաստաբան  Երվանդ Վարոսյանը:

«Այս պահին 90 փաստաբան միացել է նախաձեռնությանը, բայց փաստաբանները դեռ շարունակում են ծանոթանալ հայտարարությանը ու ներկայացնել իրենց դիրքորոշումը»:

Գործադուլի միջոցով    փաստաբաններն իրենց բողոքն են արտահայտելու վերջին շրջանում դատարաններում խնդրահարույց դարձած զննության-խուզարկության   պրակտիկայի  դեմ: Դատավարությունների ժամանակ  պարբերաբար խնդիրներ են առաջանում դատական կարգադրիչների և փաստաբանների միջև. փաստաբանները պնդում են, որ իրենք ոչ թե զննության են ենթարկվում նիստերի դահլիճ մտնելուց առաջ, որի իրավունքը դատական կարգադրիչներն  ունեն, այլ՝ խուզարկության, որի իրավունքը նրանք չունեն:

«Սա հակազդեցություն է ստեղծված իրավիճակին, իսկ իրավիճակը տարօրինակ է: Չգիտես ինչու ում մտքով անցել է, որ փաստաբանները կարող են վտանգ ներկայացնել և նրանց պետք է զննել: Անկախացումից  ի վեր երբեք փաստաբանների նկատմամբ նման մոտեցում չի ցուցաբերվել: Չկա որևէ նախադրյալ փաստաբանների նկատմամբ նման մոտեցում որդեգրելու համար, և բնական է, որ մենք մեր բողոքի ձայնը պետք է բարձրացնեինք»:

Երվանդ Վարոսյանն ասում է, որ երաշխիք չունեն, թե գործադուլը կհանգուցալուծի իրավիճակը, բայց նաև համոզված են, որ լռելը ճիշտ չէ:  Ի դեպ, հնարավոր գործադուլը կնախորդի Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը: Այն  նախատեսված է սեպտեմբերի 9-ին, միակ թեկնածուն պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: Այս ընտրություններին պալատը գնում է՝  համարյա պառակտված ու  ներքին հակասությունները չհաղթահարած:  Կառույցի գործող նախագահն  այլախոհների լուրջ թիմ ունի, որը կարծում է, որ պալատը վերածվել է անդեմ ու անառողջ կառույցի: Երվանդ Վարոսյանը այդ թևի ներկայացուցիչն է: Պատասխանելով հարցին, թե պալատի ընդդիմադիր թևն ինչու  այլընտրանքային թեկնածու չառաջադրեց, Երվանդ Վարոսյանն ասում է, որ ընտրություններին մասնակցելն անիմաստ են համարում:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մինչդեռ, կարծում է, որ առաջիկա ընտրությունը լավագույն հնարավորությունն էր իր ընդդիմախոսների համար ՝ միասնական  թեկնածու առաջադրելու  և համոզելու  պալատի անդամներին, որ ընդդիմադիր թևի մոտեցումներն ավելի առողջ են:

Իսկ ընդահանուր առմամբ Արա Զոհրաբյանը հակասությունները փաստաբանների միջավայրում նորմալ երևույթ է համարում,  համոզված է, որ վայելում է պալատի մոտ 2000 անդամների ճնշող մեծամասնության վստահությունը, իսկ իր ընդդիմախոսները փոքրաթիվ են:

Փաստաբանների պալատի գործող նախագահի ընդդիմախոսներն էլ հակառակում են համոզված ՝ եթե պալատը լուրջ բարեփոխումների չգնա, եթե փաստաբանական ինստիտուտը շարունակի ներկայացված լինել միայն մեկ միավորով ու  չլինեն  այլընտրանքային ինստիտուտներ,   առաջիկայում կարձանագրենք փաստաբանության մահը: Արա Զոհրաբյանը սա որակում է կանխատեսում անեծքների ժանրից:

 

Կարդացեք նաև

Back to top button