ՄիջազգայինՔաղաքական

Սահմանին կառուցված պատերը չեն չեզոքացնում խնդիրները


Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուի հռչակած «զրո խնդիր հարեւանների հետ»  քաղաքականությունը մեծ շանսեր ունի  վերաձեւակերպվելու  ու դառնալու «պատային քաղաքականություն հարեւանների հետ: Էրդողանը բետոնե պատեր է կառուցում հարեւանների հետ սահմաններին՝   երկիրն ավելի անվտանգ դարձնելու հիմնավորումով: Թե ո՞ւմից  ու ինչպես է  պաշտապնվում Թուրքիան և  ի՞նչ խնդիր  է լուծում   պատային նոր քաղաքականությունը՝ վերլուծում են մասնագետները:

Թուրքիան պատրաստվում է թուրք-իրանական սահմանի երկայնքով կառուցել 2 մետր լայնությամբ, 3 մետր  բարձրությամբ,  7 տոննա կշռով բետոնե բլոկներով սահմանային պատ: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թուրքական կողմի հիմնավորումը հետեւյալն է. «Իրանի թուրքական սահմանին է  գտնվում Քրդստանի աշխատավորական կուսակցության 6 ճամբար, որտեղ գործում է 800-1000 զինյալ: Նրանց մուտքը երկիր ներթափանցելու եւ հնարավոր ահաբեկչություները կանխելու նպատակով երկրի իշխանությունները նախաձեռնում են սահմանային պատի կառուցում՝ Աղրը-Իգդիր սահմանի 70 կմ հատվածում, իսկ մնացած մասում՝ պատին կփոխարինեն աշտարակներն ու երկաթյա ցանցերը»: Իրանագետ Արմեն Իսրայելյանը, վերլուծելով թուրք-իրանական դարավոր հարաբերութուններն ու  նաև  տարածաշրջանային վերջին զարգացումները,  նկատում  է, որ երկու պետությունները մշտապես վիճարկել են Մերձավոր Արեւելքում ազդեցիկ երկիր լինելու դափնին: Այսօր երկու երկրներների միջեւ  պատի կառուցումը թեեւ պաշտոնապես ողջունվում է, բայց կան նաև խնդիրներ:  Դրանցից առաջինն, ըստ իրանագետի,   քրդական հարցն է  եւ կրոնական տարաձայնությունները:

«Պատի կառուցումը նշանակում է, որ խնդիրը կա: Հարցը պետք է դիտարկել Թուրքիայի երկակի քաղաքականության մեջ:  Իրանը մշտապես Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու հարցում: Այս քաղաքականությունը մշակելով Թուրքիան փորձում է սրբագրել իր կատարած գործողությունները, ցույց տալով,  որ ոչ թե ահաբեկիչներին է աջակցում, այլ ինքն է վնասներ կրել: Գուցե նաեւ, եվրոպացիներից, ամերիկացիներից հավելյալ ֆինանսական աջակցություն ստանլու ձեւ է, շեշտելով, որ այս կերպ  անվտանգությունը ապահովելու կարիք ունի»:

Պատի կառուցմամբ Թուրքիան չի գնում է ինքնամեկուսացման, քանի որ  Իրանն ու Թուրքիան տնտեսական թելերով շաղկապված են, և  միլիոնավոր թվերի հասնող առեւտրաշրջանառություն ունեն:  Արմեն Իսրայելյանի գնահատմամբ՝ պատի կառուցումը չի ստվերի հարաբերությունների ֆինանսական կողմը: Ի դեպ, ըստ իրանագետի, սահմանային պատը նաեւ կապահովի Իրանի անվտանգությունը, քանի որ նույնքան վտանգավոր են Թուրքիայից Իրան ներթափանցող կասկածելի ծագումով զինված խմբավորումները: Նշենք, որ Էրդողանի կառավարությունը պատերի քաղաքականությունը վարում է եւ մյուս հարեւանների՝ Իրաքի ու Սիրիայի հետ:  Հեռանկարում նաեւ Հայաստանն է: Մինչ հայ-թուրքական պատին անդրադառնալը, տարածաշրջանային վերլուծաբան, արաբագետ Արմեն Պետրոսյանը վերլուծում է թուրք-սիրիական սահմանին կառուցված պատի նշանակությունը, որի հիմնավորումը նույնպես անվտանգության նկատառումներն են: Ըստ փորձագետի՝ Հաթայից մինչև Շըրնաք ձգվող 911 կմ սահմանի ավելի քան 556 կմ հատվածի շինարարությունը կավարտվի տարեվերջին, սակայն վերջինիս կառուցմամբ հնարավոր եղավ միայն հնարավորինս կանխել փախստականների մուտքը, բայց ոչ՝ զինյալներինը: Պատի կառուցումը հոգեբանական եւ քարոզչական նշանակություն ունի՝ ասում է Արմեն Պետրոսյանը:

«Պատերի կառուցումը կարող է դրական ազդեցություն ունենալ: Բայց, քրդական խնդիրը լուծում է պահանջում հենց երկրի ներսում: Թուրքական իշխանութունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները քրդական խնդրի վերաբերյալ: Միայն այս պարագայում երկիրը կդառնա անվտանգ, քանի դեռ նման խնդիրները լուծված չեն, նրանք ովքեր ցանկանում են հատել սահմանը, այլ եղանակներ կգտնեն»:

Փորձագետները, դիտարկելով Թուրքիայի սահմանային պատերի քաղաքականությունը, հիշեցնում են իսրայելա-պաղեստինյան սահմանի անվտանգության պատի մասին, որը նույնպես կառուցվեց պաղեստինցի զինյալների մուտքը երկիր կանխելու համար, սակայն դրան այլընտրանք դարձան  ստորգետնյա թունելները: Այսինքն, պատերը չեն չեզոքացնում խնդիրները՝ ասում են մասնագետները: Ի դեպ, Էրդողանի կառավարությունը հաջորդ սահմանային պատը գծագրում է կառուցել Հայաստանի հետ սահմանին, Արդահան, Կարս, Իգդիր սահմանագոտում:  «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը կարծում է, որ «անվտանգ սահմանային գոտի ստեղծելու»  թուրքական հինավորումը կարող է նաև ձեռնտու լինել հայկական կողմին:

«Հասկացողության փոփոխությամբ են միայն հարաբերություններ կարգավորվում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի սահմանին Էրդողանը որոշել է պատ կառուցել: Լավ է, որ հեռու լինենք: Շաբաթը 4 անգամ թռիչք կա, դա կբավարար է: Բարիդրացիական հարաբերություններ, քանի որ չենք կարող հաստատել ուրեմն առհասարակ թող չլինեն»:

Տարանջատելով հարաբերությունների տնտեսական եւ քաղաքական բաղադրիչները՝  Էստուկյանը կարծում  է, որ տնտեսական գործակցությունը  կշարունակվի ՝ անկախ հարաբերությունների դիվանագիտական  ընթացքից:

Կարդացեք նաև

Back to top button