ԿարևորՄշակույթ

Կամարիսի եկեղեցու վերանորոգումը չի′ շարունակվի, մինչև «չտեսնեմ» 60 մլն դրամի ծախսը

«Խայտառակությո′ւն»,- այս բնորոշումն  է այսօր բազմապատիկ անգամ հնչեցրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, երբ քննարկվել է Կամարիսի Ս. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքը։ Հրավիրվել են աշխատանքի համար պատասխանատու բոլորը, բայց ներկա են եղել միայն նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները՝ տեղեկացնում են Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

« Կազմե′ք անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի հուշարձանների վերականգնման այս և բոլոր նախագծերը, նախահաշիվները և կատարած աշխատանքը, ապա եզրակացություն կտա։ Այդ հանձնաժողովի անդամները չպետք է լինեն հուշարձանների վերականգնման որևէ աշխատախմբից կամ էլ՝ նրանց հետ փոխկապակցված անձիք »,- տեղակալ Արև Սամուելյանին հանձնարարել է նախարարը։

Կամարիսի Ս. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքն սկսվել է 2013 թվականին, և մինչև 2016 թվականը ներառյալ ծախսվել է 60 միլիոն դրամ։ Շինաշխատանքն իրականացնում է «Կոտայք նախագիծ» ընկերությունը։

Նախարարը վերջերս է ստուգայց կատարել վերականգնվող հուշարձանի տարածքում և, իր խոսքով, տեսածը խայտառակություն է, եթե ոչ՝ հանցագործություն.

«Ես այդտեղ այդքան ծախս չտեսա… Եվ խայտառակություն տեսա. ինչպե՞ս կարելի է ցեմենտ-ավազով սվաղել 17-րդ դարի եկեղեցու պատը։ Վերականգնման նախագծում նշված է՝ ծեփում։ Եթե նախահաշվում է ցեմենտ-ավազով սվաղ գրվել, ուրեմն պատասխանատու է նախահաշիվ կազմողը, եթե շինարարն է այդպես որոշել, ուրեմն՝ շինարարը։ Առավել ևս՝ վերահսկողը։ Ուզում եմ տեսնել շինարարության վարման մատյանը. հեղինակը կամ տեխվերահսկողը ե՞րբ և քանի՞ անգամ են ստուգել շինաշխատանքը։ Եվ այս պահին որտե՞ղ են. այսօր բոլորը հրավիրված էին, ինչու՞ չեն եկել։ Գումարներն ուզելիս լավ էլ ուզում են, հազար զանգով ու միջնորդով փորձում են հանդիպել, հիմա ու՞ր են, թող գան, նայեն աչքերիս մեջ և ցույց տան, թե որտեղ է ծախսվել 60 միլիոն դրամը»։

Իսկ դիմելով պատմամշակութային հուշարձանների վերականգնման հարցերով խորհրդական Ստեփան Ղազարյանին, Արմեն Ամիրյանն ասել է.

«Դո′ւք եք եղել հուշարձանների վերականգնման ստորաբաժանման ղեկավարը, դուք իմ խորհրդականն եք, ինչպե՞ս եք թույլ տվել նման բարբարոսություն։ Այս ի՞նչ է կատարվում, դուք թե′ նախագծի տերն եք, և թե′ առնչությո՞ւն ունեք այն իրականացնող շինարարակա՞ն ընկերության հետ։ Այդպես չի′ լինում, չի′ կարող լինել, որոշե′ք, թե որ կողմում եք. կա′մ դիմում գրեք՝ ազատվեք աշխատանքից, կա′մ հրաժարվեք շինարարությունից»։

Եզրափակելիս  զայրացած նախարարը նաև հավելել է.

Առաջին՝ « Նրանք, ովքեր առնչություն ունեն որևէ նախագիծ և նախահաշիվ կազմողի կամ շինարարի հետ, ո′չ մի կերպ չեն կարող լինել որոշում կայացնող մարմնում»։

Երկրորդ՝ « Կամարիսում եկեղեցու վերականգնման աշխատանքը չի′ շարունակվի, մինչև «չտեսնեմ» այդ 60 միլիոն դրամի ծախսը։ Ես ինքս այնտեղ 60 միլիոն դրամի աշխատանք չեմ տեսել»։

Կարդացեք նաև

Back to top button