

Եղանակային անբարենպաստ եւ անկանխատեսելի պայմանները թեեւ անընդհատ առաջացնում են լուրջ խնդիրներ գյուղոլորտի համար, բայց որոշակի ձեռքբերումներ ոլորտում արդեն արձանագրվել են: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ձեռքի տակ եղած տվյալները վերաբերում են այս տարվա արտահանման եւ մթերման ցուցանիշերին: Կա գոհունակություն, որը սակայն որոշ դեպքերում բերում է նաեւ այլ խնդիրների։ Հենց դրանցից էլ դժգոհում են գյուղացիները: Ինչ վիճակ է այսօր տիրում գյուղատնտեսության ոլորտում՝ «Ռադիոլուրն» առաջարկում է հասկանանք միասին:
Գյուղատնտեսության ոլորտում ներկա դրությամբ կա հակասական մի իրավիճակ՝ նախարարությունն ունի լավ լուրեր, բայց միաժամանակ վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշի համաձայն այս տարվա հունվար-հունիսին գյուղատնտեսությունը 1,4 տոկոս անկում է գրանցել: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի գնահատականներով՝ անկումն ունի հիմնավոր պատճառներ:
Այս խնդիրները, սակայն, չեն խանգարել ոլորտում արձանագրել աննախադեպ ցուցանիշներ եւ արդեն այս պահին նախարարությանը հիմքեր տալ հպարտանալու համար: Այս տարի Հայաստանից արտահանվել է 26 տոննա ծիրան: Ցուցանիշը դեռ աճելու միտում ունի, բայց արդեն այսօր ծավալները գերազանցում են նախորդ 7 տարիների ընթացքում գրանցված բոլոր ցուցանիշերը: Ընդհանուր առմամբ Հայաստանից այս տարի արտահանվել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Արտահանման աննախադեպ ծավալներով ծիրանից հետո աչքի են ընկել ելակն ու կարտոֆիլը՝ արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է մի քանի անգամ: Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալների կեսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, մնացածը բաժանվում է Վրաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ: Արտահանումը մի կողմից դրական է, մյուս կողմից ունի նաեւ բացասական կողմեր: Որոշ ապրանքների գինը ներքին շուկայում ուղիղ կապ ունի արտահանման հետ։ Համենայնդեպս՝ եղած գների պատճառը դրանով են հիմնավորում հողագործներն ու միանգամից ներկայացնում եղած այլ խնդիրները:
«Դրսում»՝ մի շարք երկրներում մեծ պահանջարկ ունեցող հայկական չրեղենը ոլորտում ստիպել է մեծածավալ գործողություններ ծավալել նաեւ այդ ուղղությամբ: Հայ-ռուսական արտադրության առաջին չորանոցները հայաստանյան շուկայում հայտնվեցին դեռեւս 2014 թվականին։ Արդեն այսօր «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հնարավորություն ստացավ ձեռք բերել տարբեր ծավալների էլեկտրական չորանոցներ եւ ֆինանսական վարձակալությամբ դրանք տրամադրել շահառուներին: Ընկերության փոխտնօրեն Հրաչ Դարբինյանի փոխանցմամբ՝ սա նոր ազդակ կլինի չրեղենի շուկայի զարգացման համար:
Այս գործարքը հնարավոր է նպաստի նաեւ մթերման ծավալների աճին: Իսկ մինչ այդ, այսօրվա դրությամբ 60 տոկոսի աճ է գրանցվել նշված ուղղությունով: Մինչեւ այժմ գյուղմթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 10 ու կես տոննա պտուղ-բանջարեղեն: Աստիճանաբար մոտենում ենք խաղողի մթերման շրջանին, որը սովորաբար ուղեկցվում է լուրջ խնդիրներով: Փորձելու են ավանդական խնդիրներից խուսափել՝ հավաստիացնում է գյուղատնտեսության փոխնախարարը:
Առաջիկայում նախարարությունը նախատեսում է գործարկել մի շարք նոր ծրագրեր եւս: Դրանցից մեկը մատչելի վարկերն են, որոնք կոչված են թեթեւացնելու հողագործի հոգսը: Փոխնախարարի փոխանցմամբ՝ գյուղացիներին տրվող վարկերը չեն գերազանցելու 5 տոկոսը, իսկ սահմանամերձ շրջանների գյուղացիական տնտեսություններին 3 տոկոսով են վարկեր տրամադրվելու: Այս պահի դրությամբ գյուղվարկերի պորտֆելը կազմում է 7,5 միլիարդ դրամ:




