Տնտեսական

Կարկուտի վնասները ճշտվում են


Հուլիսի 6-ի երեկոյան ուժեղ քամուց, հորդառատ  անձրևներից  ու կարկուտից տուժել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունը:  Արտենի գյուղում մեծ վնաս է հասցվել ծիրանի,խնձորի, սալորի և խաղողի այգիներին, հեղեղվել են  բանջար-բոստանային և հացահատիկի ցանքատարածքները,որոնք այժմ լցված են տիղմով ու Արթին լեռան լանջերից փոկված քարերով:  Վնասի չափը ճշտում է համայնքային մասնագիտական հանձնաժողովը:  Գյուղացիներըմեծ պարտքեր ունեն բանկերին,որոնց մարելու համար այլևս միջոցներ չկան:

 

Դեռ մեկ շաբաթ առաջ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները ակնածանքով էին նայում իրենց այգիներին ու դաշտերին, որտեղից լավ բերք ստանալու մեծ ակնկալիքներ ունեին: Այգիներում հասունանում էր պտուղը, դաշտերում ՝ փարթամանում ձմերուկի,վարունգի և մյուս բանջարեղենի սածիլները:  Սակայն բնությունն այնքան էլ բարեհաճ չգտնվեց գյուղացիների նկատմամբ: Հուլիսի 6-ի երեկոյան ուժեղ քամին,անձրևն ու կարկուտը մեծ վնաս պատճառեցին  Արտենիի գյուղատնտեսությանը:

Սելավը սրբել տարել էր  Մարինե Հարթենյանի ընտանիքի մեկ ամսվա  դառը աշխատանքը, որտեղ գիշեր ու զօր քարքարոտ հողի հետ կռիվ տալով  մշակում էին ձմերուկ ու  վարունգ: 3 հա ձմերուկի, 3000 քմ վարունգի  ցանքատարածքից ոչինչ չէր  մնացել:   Հորդառաատ անձրևները տիղմով էր  լցրել մշակովի ցանքատարածքները:  Ժորա Գևորգյանը նշեց, որ քամու ուղեկցությամբ հորդառատ անձրևները Արթին կամ Բուղուտ լեռան լանջերից քանդել է հողն ու լցրել դաշտերը. ,, Սելավը Բուղուտ սարից իջավ, փակեց մայրկանալի դեմը,մայրկանալի ջուրն էլ հետըմոտ 6-7 խմ ջուր եկավ բոստանի միջով ավիրելով գնաց, իրիկվա 6-ից մինչև առավոտ ջուրը հըլը էթում էր ,,:

Սելավի հետևանքները դժվար է վերականգնել, զգալի  աշխատանք ու միջոցներ են անհրաժեշտ:  Վնասվել են նաև հացահատիկի ցանքատարածքները: Գյուղացիները հողերը մշակելու համար  օգտվում են գյուղատնտեսական վարկերից: Մարինե Հարթենյանի ընտանիքը 3.5 միլիոն դրամ վարկ է վերցրել  2 բանկից. ,,Աշխատուժը շատ մեծ է, օրական 10-12 բանվոր են աշխատում, դաշտից, որ դուրս ենք գալիսմենքօրական բանվորի փողը տալիս ենք՝6000 դրամ,,:

Հողից լավ բերք ստանալու Տիգրան Գևորգյանի սպասելիքները նույնպես չարդարացան, հուսահատված է, 5 հա սեփականաշնորհված հողատարածքից բացի 1 հա-ը  100 հազար դրամով վարձակալել էր ևս 5 հա  վարելահող և դրել ձմերուկի ցանքսի տակ: ,,Իմ սպասումներըլրիվ լցվեց ջուրը: Ձմերուկի դաշտի վրա համարյա 3 միլիոն փողա թափած, ցանքս են արել, քաղհան են արել 10-12 հոգով, մի ամիս, ամեն օր: Էդքան սալյարկա,մեխանիզատորի վարձ, 40 մեշոկ սիլիտրա ենք տվել: Դե, հաշվեք,,:

Շվարած գյուղացիները  չգիտեն ինչպես են մարելու պարտքերն ու ինչ ապրուստի միջոց են գտնելու: Արտենիում մշակվում է շուրջ 1800հա հողատարածք, որից 400 հա պտղատու այգիներ են, 200 հա-ը՝ հացահատիկ ,մնացածը՝ վարելահող:  Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը տեղեկացրեց, որ բանկի ներկայացուցիչները լինելու են գյուղում, որպեսզի  վարկերի մարման հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերեն:

Արտենիում   հակակարկտային  8 կայանն անզոր է  եղել   կարկտաբեր հզոր  ամպերի դեմ, խանգարել է նաև քամին: Գյուղացին  արդեն սկսելու էր ծիրանի բերքահավաքը, բայց չհացրեց, կիսահաս ծիրանը գրեթե ամբողջությամբ վնասվեց կարկուտից և ուժեղ քամուց թափվեց ծառերի տակ:

Համայնքի ղեկավարը նշեց, որ 280 հա ծիրանի այգիներից քչերը բերք ունեն:

Ծիրանի վնասված բերքի իրացման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել վերամշակող 2 ձեռնարկության՝ Նոյյան բնական հյութերի և Պռոշյանի կոնյակի  գործարանների հետ՝ 1 կգ 60 դրամով մթերելու համար:

Բնական աղետից Արտենիում վնասվել են  մի քանի  առանձնատների տանիքները:

Վնասի չափը ճշտելու  նպատակով  համայանքային մասնագիտական հանձնաժողովը տուժած գյուղացիների հետ արդեն մի քանի օր դաշտերում արձանագրում են վնասները, որոնք ներկայացվելու են կառավարություն:

Back to top button