Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան


Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության անցկացման հետ կապված դիմում է հանձնել Ստամբուլի նահանգապետարան: «Ակոս»-ը գրում է, որ դիմում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները: Նշվում է նաև, որ ստեղծվելու է պատրիարքի ընտրությունները կազմակերպող հանձնաժողով, որի անդամների ցանկը կներկայացվի նահանգապետարան:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Մարտի 15-ին տեղի էր ունեցել պատրիարքական տեղապահի ընտրություն, ընտրվել էր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: