Կարկուտը՝ պատուհաս նաեւ արցախցի հողագործների համար
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Կարկուտն այս տարի արցախցի հողագործների համար իսկական պատուհաս է դարձել: Տուժած ցանքատարածություների մակերերսը մի քանի հազար հեկտարով է չափվում՝ հասցված վնասը դեռ ճշտվում է:
Արարատ Ղուկասյանը ջրափոսերի վերածված բանջարանոցն է ցույց տալիս. ոչինչ չի մնացել, բայց գյուղացու սրտացավությամբ ուրիշների հասցրած վնասն է մատնացույց անում. իրենը տնամերձում արված բանջարանոց էր. Համագյուղացիները հեկտարներով են ցանել ու կորցրել երկրորդ անգամ:Հակակարկտային կայաները Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետները գործարկում են պարտաճանաչ կերպով՝ ամեն կարկուտի դեպքից հետո տեղեկատվություն տրամադրելով արձակված կրակոցների մասին:
Այդպես նաեւ երեկ էր՝ ժամը 15:29-ից մինչև ժամը 19:00-ն կարկտահարման վտանգի պատճառով Ասկերանի շրջանի տարածքում ընդմիջումներով գործարկվել է 35 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան` 176 անգամ, արձակվել է 21120 կրակոց: Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայության օպերատիվ բաժնչի պետ Կարեն Ավետիսյանի, խոսքով 200 կմ վրա տեղորոշիչը ճանաչում է կարկտաբեր ամպը եւ իրենք միացնում են կայանները, բայց երբեմն ամպի հաստությունն ու քամու արագությունն այնքան մեծ է լինում, որ կայաններն անզոր են:
Տվեց արդունք հակակարկտային կայնների աշխատանքը, թե՞ ոչ դժվար է ասել. Տեղացած կարկուտի չափը մեծ չէր, բայց տուժել է 1700 հա տարածք, հացահատիկայիններ, մրգատու այգիներ տեխնիկական մշակաբույսեր ու բանջարանոցներ: Այգիների ու տնամերձերի վնասը մոտ հիսուն տոկոս է գնահատվել, մնացած ցանքերինը՝ 20-30 տոկոս:
Այս տարվա մայիս հունիս ամիսներին Արցախում կարկտահարման դեպքերի եւ ընդհանրապես կարկտավտանգ օրերին թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է մի քանի անգամ: Պայքարի կիրառվող միջոցի արդյունավետության մասին գյուղացիները խոսում են կասկածանքով՝ ավերված հողահանդակներն ավելի խոսուն են, պաշտոնյաները արտահայտվում են զգուշությամբ: Եւ դա հասկանալի է ավելի քան 55հազար աշնանացան ու գարնանացանի դաշտեր ունեցող արցախում տեղադրված կայանների քանակը մի քանի տասնյակ է: Կարեն Ավետիսյանի խոսքով ՝ անհարժեշտ են մոտ հազար հատ:
Գյուղատնտեսության նախարարությունն այս օրերին հաշվարկներ է կատարում՝ ակնկալելով, որ տեղերից տվյալներն ավելի օպերատիվորեն կստացվեն. Համապատասխան օղակները պատշաճ աշխատանք կկատարեն. առայժմ միակ օժանդակությունը, որ խոստանում է նախարար Արամ Մխոյանը՝ հարկերի ներումն է: