Տնտեսական

Կառավարությունը ծրագրում է 5 տոկոս տնտեսական աճ, 12 տոկոսով կրճատել գործազրկությունը

Իրատեսական, հավակնոտ ծրագիր, որտեղ հստակ թիրախներ են դրված. կառավարության դեռ չհաստատված ծրագրի նախագիծն այսպես են բնորոշում ՀՀԿ-ն ու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Այս ծրագիրը կազմվել է ՝ հաշվի առնելով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին վեցերորդ գումարման խորհրդարանի ելույթն ու այստեղ հնչեցրած թեզերը: Ի տարբերություն գործող ծրագրի, կառավարության նոր ծրագրում թվեր կլինեն՝  իշխող քաղաքական ուժը խոստանում է 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, 12 տոկոսով կրճատել գործազրկությունը, ապահովել 5 տոկոս տնտեսական աճ:  Երևանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հինգ տոկոս տնտեսական աճն իրատեսական է համարել: «Նախորդ կառավարությունն ըստ էության կարճաժամկետ էր, պայմանավորված էր  քաղաքական իրողություններով, նախընտրական շրջանի կառավարություն էր»,- ասել է նա:   

Ավարտվում է  Սահմանադրությամբ նախանշված  վերջնաժամկետը, երբ կառավարությունն ԱԺ պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Այն քննարկվելու է խորհրդարանում: Օրերս ֆեյսբուքյան իր էջում վարչապետ  Կարապետյանն անդրադարձավ ծրագրի նախագծին, նշեց, որ շատ հստակ ձևակերպում են  այն գերակա ոլորտները, ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ և ներուժ ունեցող։ «Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաև արտահանմանը»,- ասում է։

Վերջին օրերի  հայտարարություններից  կարելի է  փաստել, որ կառավարության գործունեության ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է: Որոշ թվային տվյալներ օրինակ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ներկայացրեց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը. 25 տոկոս բարձրացնել նվազագույն աշխատավարձը, 12 տոկոսով կրճատել գործազրկությունը, ապահովել 5 տոկոս տնտեսական աճ։

Ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը խոստովանում է՝ «3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը մեր ամբիցիաները չեն, մեր հավակնությունները չեն: Որպեսզի մենք կարողանանք սոցիալական խնդիրները ավելի դյուրին լուծել, մենք պետք է հավակնենք ավելի բարձր տնտեսական աճի:  Հավակնությունը դա նշանակում է ջանքեր: Կհաջողվի՞, թե՞ չէ՝ ժամանակը ցույց կտա։ Դրա համար պետք են ջանք թափել ու ավելի բարձր նշաձող դնել»:

Ֆինանսների նախարարը  նշում  է՝ տնտեսությունում որևիցե ջանք չներդնելու պարագայում էլ ՀՆԱ-ի պոտենցիալ աճը 3-3,6 տոկոս է կազմում: Երևանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ միանգամայն ընդունելի է  տնտեսական աճի  հինգ  տոկոսի թիրախը:   Փորձագետը, սակայն, չի կարծում որ ոչինչ չանելով հնարավոր է 2-2,5 տոկոս աճ ապահովել: «Դեռ պետք է կատարել այս տարվա համար նախանշված 2,3 տոկոս աճը»,- ասում է ու հիշեցնում 2016-ի գրեթե զրոյական աճը: Երկարաժամկետ հատվածում կարևորում է կառուցվածքային բարեփոխումները , որոնք ներկայացված են լինելու կառավարութան ծրագրում:

Մոտ 30 տոկոս աղքատությունը, ըստ  ՀՀ նախագահի՝ մայիսի 18-ին հնչեցրած ելույթի, 2040 թ. առնվազն պետք է կիսով չափ նվազի։ Այստեղ կարևոր է ոչ միայն բացարձակ թիվն է, այլ նաև եկամուտների բաշխման հարցը՝ ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը

Back to top button