Տնտեսական

Համայնքների սեփական եկամուտների հավաքագրում

Արմավիրի մարզխորհրդի նիստում քննարկվող հարցերից առաջինը  համայնքների սեփական եկամուտների հավաքագրումն էր:  Առաջին կիսամյակի ավարտին դեռ 2 ամիս կա: Համայնքների մի մասը սեփական եկամուտների հավաքագրման չեմպիոններ են՝ 100 -180 տոկոսով են կատարել, մի մասը, 50 և ավելի, մյուսներև, 50 տոկոսից ցածր, այդ թվում նաև 0 տոկոս, այսինքն  հողի, գույքի հարկերի ու վարձակալական հողերի վճարների  դիմաց ոչ մի գանձում չեն կարողացել կատարել:

Մոտ երկու շաբաթից Արմավիրի մարզում արտադրված բերքը կմտնի շուկա և կարտահանվի այլ երկրներ: Բերքի իրացման շրջանում  բնակչությունը կարողանում է վճարել պետական հարկերը: Իսկ մինչ այդ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը ներկայանցրեց համայնքների բյուջեների  սեփական եկամուտների մուտքերը: Ընդհանուր առմամբ այն կատարվել է 82,1 տոկոս:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հողի հարկի հավաքագրումն ավելացել է 9.1 տոկոսով, իսկ  գույքահարկի  ու վարձակալական հողերի վճարները նվազել են համապատասխանաբար 3.9 և 8.1 տոկոսով: Սեփական եկամուտների հավաքագրման  հատկապես 100 տոկոսի ցուցանիշը գերազանցել են Էջմիածին քաղաքն ու Վաղարշապատի տարածքի գյուղերի մեծ մասը, որտեղ շատ են ջերմոցային տնտեսությունները  կամ էլ բնակչության մեծ մածն ունի այլ հիմնական զբաղմունք քաղաքներում:

Արմավիրի և Բաղրամյանի տարածքի գյուղերն աչքի չեն ընկնում սեփական եկամուտների կատարողականով:  Գյուղերի մեծ մասի սեփական եկամուտների հավաքագրումը ցածր է 50 տոկոսից: Համայնքների մի մասում էլ հողի գույքի հարկերի դիմաց ցուցանիշ չկա: Բացի դա մարզի 97 համայնքից 19-ը չի կարողանում վճարել նաև աշխատավարձը, որի պարտքը կազմում է 29մլն 596 հազար դրամ:

Հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարները խուսափեցին պարզաբանումներ տալ ռադիոլուրին, սակայն նշեցին, որ անցած տարվա ցրտահարությունից գյուղացիները հատել են բերքատու ծառերը, այս տարի չեն ունենալու ծիրան ու դեղձ:  Հտված այգիները վերածվել են վարելահողերի, որտեղ մշակվելու է բանջարեղեն, իսկ  բերքը ստանալու են ամռանը: Կան համայնքներ, որոնց միակ եկամուտը խաղողն է, ինչն էլ ենթադրում է, որ սեփական բյուջեն կհամալրվի աշնանը: Երասխահուն գյուղում  եկամտի հիմնական աղբյուրը բանջար-բոստանային մշակաբույսերից է: Երկու շաբաթ անց գյուղի վաղահաս կարտոֆիլի առաջին բերքը կդրվի վաճառքի: Գյուղապետ Արմեն Ավետիսյանը նշեց, որ համայնքի բյուջեն կատարել է 50 տոկոսից  քիչ ավելի: <<Մեզ մոտ դեռ ցանքս չեն արել, բայց շուտով  մինչև հունիսի 5-ը կարտոֆիլը կհանենք ու կկարողանանք հավաքել վճարները>>,ասաց Արմեն Ավետիսյանը:

Բացի կանաչեղենից ու ձմեռային ջերմոցների բնամթերքից գյուղացիները գարնան բացվելուն պես պոլիէթիլենային թաղանթների տակ բաց դաշտում մշակում են կարտոֆիլ, կաղամբ, պղպեղ, լոլիկ, սմբուկ, դրանց վաճառքի մասին  դեռ վաղ է խոսել , սակայն շուկայում արդեն վաճառվում է դաշտի առաջին պտուղը՝ ելակը:

Հովտամեջ գյուղի տեղական բյուջեի չորս ամսվա կատարողականը նույնպես  50 տոկոսից ավելի է: Գյուղապետ Արմեն Սարգսյանը  նշեց, որ գյուղացիները վճարումներն անում են ելակի բերքի վաճառքից և հույս հայտնեց, որ երկու ամիս հետո սեփական եկամուտների համալրման   ավելի բարձր ցուցանիշ կունենան:

Back to top button