

Ինչպե՞ ս օգնել հայ արտահանողներին, որոնք ի դեպ, խնդիրների պակաս չունեն : Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է արտահանման դժվարությունների մասին, նշել, որ արտահանման ընթացքում պահանջվող փաստաթղթերը շատ են ու թանկ: Խնդիրների մյուս մասը սկսվում է ռուս-վրացական սահմանին: Վերին Լարսի անցակետի փակ լինելը լուրջ խնդիրներ է ստեղծում հայ տնտեսվարողների համար: Ի դեպ, Րաֆֆի Մխչյանի խոսքով, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Վերին Լարսի անցակետում խոստացված «կանաչ ուղի»-ն այդպես էլ իրականություն չդարձավ: Արտահանողների միության նախագահը, սակայն, դրական մի կետ առանձնացնում է՝ արտահանողներին օգնում է 2013թ-ին հիմնադրված արտահանման ապահովագրական գործակալությունը:
Հայ արտահանողները խնդիրների պակաս չունեն: Օրերով ու շաբաթներով բեռներով լի մեքենաները տարվա գրեթե բոլոր եղանակներին մնում են Լարսի անցակետում: Մի դեպքում՝ ձյուն ու սառնամանիք է, մեկ այլ դեպքում էլ՝ գետն է վարարում: Հայաստանում Լարսին այլընտրանք փնտրում են, սակայն, դեռ չեն գտնում:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ այլ են խնդիրները դեպի ԵԱՏՄ երկրներ, բոլորովին այլ՝ ԵՄ երկրներ ու ոչ միայն: Հիշեցնում է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն, այդ երկրներ ապրանք արտահանելիս փաստաթղթերի մի ամբողջ տրցակ են լրացնում: Այս ընթացքում հրաժարվել են միայն «ծագման սերտիֆիկատ»-ից: Սա փաստաթուղթ է, որը հավաստում է ապրանքի հայկական լինելու մասին:
«Մեկ արտահանման համար, անկախ քանակությունից ու տեսակից, արտահանողը միայն ձևակերպումների վրա 120-150 հազար դրամ է ծախսում։ Սա բավականին մեծ ու լուրջ գումար է»:
ԵԱՏՄ անդամ երկրներ հայերը հիմնականում արտահանում են գյուղմթերք, պահածոներ ու խմիչք: Փաստաթղթավորումից հետո խնդիրնեն սպասում են ռուս-վրացական սահմանին: Ցամաքային ճանապարհով արտահանվող ապրանքը անցնում է Վրաստանով, Լարսի անցակետով ու հասնում ռուսական սահման։ Արտահանողների միության նախագահը մի քանի օր առաջ անձամբ է տեղում եղել ու իրավիճակին ծանոթացել:
Րաֆֆի Մխչյանը պնդում է՝ հայկական կողմը պետք է նստի ու հավասարը հավասարի հետ խոսի ռուս գործընկերների հետ: Վերին Լարսի անցակետում հայկական կողմի համար «կանաչ ուղի» պետք է գործեր՝ խոստանում էին:
Այլ են խնդիրները ԵՄ երկրներ արտահանելիս: Հայկական հագուստը, կոշկեղենը պահանջված է ԵՄ շուկայում, սակայն արտահանողները քիչ բան գիտեն պահանջարկի մասին:
Արտահանողների միության նախագահը սակայն դրական մի բան առանձնացնում է՝ արտահանողներին օգնում է 2013թ-ին հիմնադրված արտահանման ապահովագրական գործակալությունը:
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը առանձնացնում է քաղաքական ու առևտրային ռիսկերը: Առաջինի դեպքում ռիսկային պատերազմները, բնական աղետները, էմբարգոն, երկրորդի դեպքում՝ գնորդի անվճարունակությունը: Գործակալությունը վճարում է ապահովագրված ապրանքի մինչեւ 95 տոկոսը:
Հայաստանի առևտրային բանկերից մի քանիսը, հիմք ընդունելով գործակալության տրամադրած պոլիսները, դրանք որպես գրավի միջոց է ընդունում՝ տրամադրելով արտահանված ապրանքի արժեքի 95 տոկոսը:
Այսպես ասենք, ամենաանպարտաճանաչ երկրներն են ԱՄՆ, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան: Մինչ այժմ վերադարձրել են 4 արտահանողի գումար՝ ընդհանուրը՝ 600 մլն դրամ։
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության աշխատանքից գոհ է արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Աջակցում են՝ ասում է: Միաժամանակ նկատում է՝ սա նոր ինստիտուտ է Հայաստանում և շատ հաճախ տնտեսվարողները չեն գիտակցում ապահովագրության կարևորությունը:




