

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ին անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: Կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։ Հուշագիրն այսօր ստորագրեցին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը:
426 մշակութային կանգառ՝ Հայաստանի մարզերում. մշակույթի նախարարաության նախաձեռնությանը հետագայում ավելացավ նաև 200 կինոցուցադրությունների գաղափարը, որովհետև, ինչպես նախարար Արմեն Ամիրյանն է ասում.«Մարզում ապրող մեր հայրենակիցը պետք է հնարավորություն ունենա դիտելու այն ֆիլմերը, որոնք դիտում են մայրաքաղաքում»: Ցանկությունն իրականություն է դառնում շնորհիվ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունի այսօր ստորագրած համաձայնագրի, ըստ որի՝ Չինաստանի դեսպանատունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ին անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն:
«Շարժական կինոթատրոնն իրենից ներկայացնում է հսկայական էկրան, ժամանակակից, բարձրորակ կինոպրոեկտոր, ձայնային հրաշալի համակարգ, որը ցանկացած բացօթյա հարթակում կարող է ապահովել ֆիլմերի որակյալ ցուցադրում: Ըստ համաձայնագրի նախատեսվում է նաև չինական ֆիլմերի ցուցադրություններ»:
«Ուրախ ենք, որ հրաշալի նախաձեռնության մասնակիցն ենք դառնում, Երջանիկ ենք, որ մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում մեր հարաբերությունները լուրջ զարգացում են ապրում հատկապես մշակույթի ոլորտում»,-ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլուն:
Արմեն Ամիրյանը նշեց, որ վերջին չորս ամիսների ընթացքում Չինաստանի դեսպանատան հետ սա երկրորդ կարևոր համագործակցությունն է:
«Դեռ 2016-ի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրով ու Չինաստանի դեսպանատան տրամադրած 25 հազար դոլարով հանրապետության թանգարաններում շուտով կգործեն աուդիո վիզուալ գիդեր: Երկրորդ համաձայնագրի արժեքը 48 հազար ԱՄՆ դոլար է: 4 շարժական կինոթատրոն, յուրաքանչյուրը՝ 12 հազար դոլար արժողությամբ»:




