

Գաղտնիք չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ամենասիրված և գեղեցիկ տոնը Ամանորն է: Եվ բնական է՝ Երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյունում Նոր տարվա սկիզբը, դիմավորումը, հնի ճանապարհումը բազմաթիվ հետաքրքիր երևույթների, սովորույթների և ծեսերի հետ է կապված: Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում եւ բոլորը սպասում են Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: Փորձենք ճանապարհորդել մեր մոլորակի հեռու հորիզոնականներով` նորի ու անհայտի բացահայտման ակնկալիքներով և տեսնենք, թե որտեղ ինչպես են դիմավորում և նշում Ամանորը:
Բելգիայում տարեմուտին բոլոր տներում երեք րոպեով հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը: Շոտլանդիայում էլ կարծում են, թե ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու տարվա հաջողությունը: Այստեղ վառում են բուխարու կրակը եւ ուղիղ կեսգիշերին ընտանիքով հավաքվում շուրջը:
Իսպանիայում եւ Պորտուգալիայում, որտեղ խաղողի վազը համարվում է սիրո եւ ընտանեկան երջանկության խորհրդանիշ, տարեմուտի գիշերը ժամացույցի վերջին տասներկու զանգի ընթացքում ուտում են խաղողի տասներկու հատիկ եւ գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում:
Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր դիմակահանդեսի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում, անվանում են Պապա Պասկուալե:
Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում: Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:
Կուբայում Նոր տարվա նախօրեին բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր տարուն նրանք ցանկանում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:
Բուլղարիայում, ավանդույթի համաձայն, Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության մեկնարկին տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրն սկսվում է կեսգիշերին հնչող ղողանջներից հետո, երբ մի պահ անջատվում է լույսը ամանորյա համբույրների համար: Դրանից հետո միայն տանտիրուհին սկսում է կտրտել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե կարկանդակի մեջի կոպեկն է բաժին հասնում՝ ապա գալիք տարում սպասվում է հարստություն, եթե վարդի ճյուղը՝ սեր: Նման թխվածքային անակնկալներ ընդունված են նաեւ Ռումինիայում եւ Ավստրիայում:
Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա: Այն եւս անակնկալով է: Շիլայում թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չեն կարող:
Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում եւ Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում: Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:
Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:
Ծննդյան օրերին Չինաստանում առաջին հերթին նկատելի են Լույսի ծառերը: Լույսի ծառը մեր տոնածառի նախատիպն է և զարդարվում է արեւելյան ճոխությամբ , վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:
Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:
Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսն ընկերության, բարյացկամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են գունավոր թղթեր շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր տարին մուտք է գործում Շվեդիա:
Եվ կարևոր չէ, թե որ երկրում ինչպես են նշում տարվա գլխավոր տոնը, կարևորը, որ այն երջանկություն բերի և դառնա բաղձալի երազանքների իրականացման տարի:
Նկարները՝ Lenta.ru-ի




