Մշակույթ

Քաղաքի արձանների նորովի ներկայացում. ներկայացվել է ArmCulture AR հավելվածը


Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններին հարող տարածքում Arloopa և Aurora Bareallisse Marketing ընկերությունների մասնագետներն այսօր տեղում ներկայացրել են  ArmCulture AR հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել նշված արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն։ Ծրագիրն իրականացվում է մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Հավելվածի փորձարկմանն անձամբ  հետևել է նախարար Արմեն Ամիրյանը:

 

Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններին փակցված պաստառներն այս օրերին գուցե ոմանց տարակուսանքն են առաջացրել. ինչի համար են դրանք, ինչ նպատակով են հայտնվել մեր երկու մեծերի արձաններին: Եթե ներկայացնենք հակիրճ, ապա՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքի արձանների նորովի ներկայացում: Arloopa ընկերության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանն այսօր տեղում քայլ առ քայլ  ներկայացրեց ծրագրից օգտվելու կանոնները:

«Ծրագիրը կիրառելու համար ArmCulture AR հավելվածը  պետք է ներբեռնել Apstore-ից և  Google Market-ից: Հավելվածը բացելուց հետո պետք է հետևել առաջարկվող քայլերին: Թումանյանի և Սպենդիարյանի արձանների վրա փակցված են մարկերներ, որոնք սքան անելիս հայտնվում է 3D անիմացիան, որի հետ կարելի է նկարվել, ինչպես նաև լսել Թումանյանի և Սպենդիարյանի ձայնային հաղորդագրությունները»:

ArmCulture AR հավելվածից օգտվելու քայլերին ծանոթացավ նաև օպերայի տարածքում խաղացող երեխաներից մեկը՝ Հենրին, ով  Թումանյանի 3D ձևաչափով պատկերի  կողքին նկարվելուց ու ամենայն հայոց բանաստեղծի ձայնային հաղորդագրությունը լսելուց հետո , ասաց՝ շատ հետաքրքիր էր:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի վստահեցմամբ նախագիծը չի ավարտվի Ամանորի տոներով, այն ենթադրում է շարունակություն:

«Այս տեսակոնտենտը կպահպանվի և խոսքը անընդհատ կթարմացվի, որպեսզի Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը մեր համաքաղաքացիներին հրավիրեն դիտելու այս կամ այն ներկայացումը կամ համերգային ծրագիրը: Կարծում եմ, որ այս ձևաչափը նոր հնարավորություն է ոգևորելու երիտասարդներին` գալու դեպի օպերային թատրոն: Այս տեխնոլոգիաների միջոցով տարվա ընթացքում կփորձենք կենդանացնել նաև մեր մյուս մեծերի արձանները»:

Արմեն Ամիրյանի բնորոշմամա սա նախարարության  հայտարարած՝ ՏՏ ոլորտի միաձուլումն է մշակույթին, ինչն անկասկած բերելու է իր դրական արդյունքը:

Կարդացեք նաև

Back to top button