

Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը ոգևորել է հանրապետական պատգամավորներին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն էլ նրանք որակել են աննախադեպ։ Ավելին՝ ըստ Խոսրով Հարությունյանի՝ համանախագահների վերջին հայտարարությունը դեղին քարտ էր Ադրբեջանին: Էվանսի հայտարարությունից ոգևորվել է նաև Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Ինչո՞ւ են ոգևորվել քաղաքական գործիչները ու որո՞նք էին այդ հայտարարության մեսիջները։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը համոզված է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների՝ ԼՂ խնդրի վերաբերյալ Համբուրգում արած հայտարարությունն աննախադեպ դրույթներ է պարունակում: Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը դեղին քարտ էր Ադրբեջանին:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի` Համբուրգում անցկացված հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլին շփման գծի երկայնքով գրանցված կտրուկ սրացման ֆոնին մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի համար, այդ թվում նաև` ծանր սպառազինության կիրառմամբ, և վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում, չկա որևէ արդարացում քաղաքացիական անձանց զոհվելու ու վիրավորվելու համար»,- ասված էր հայտարարությունում:
Համբուրգում հնչած հայտարարությունները ողջունելի է համարում նաև Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս դրական գնահատեց Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի այն հայտարարությունը, որ այս հակամարտությունն իր լուծումը պետք է գտնի և Արցախն անպայման պետք է ներգրավված լինի որպես բանակցային կողմ: «Անկախ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և որոշի իր ճակատագիրը»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը։
Սակայն այս գաղափարն այնքան էլ դուր չի գալիս քաղաքական գործիչ Ազատ Արշակյանին։ Նա նշեց, որ ՀՀ-ն ժամ առաջ պետք է ճանաչի ԼՂՀ- ն եւ հայկական կողմը միասնաբար պետք է անցկացնի բանակցությունները։
Ներքաղաքական իրադարձությունների՝ մասնավորապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ու քաղաքական դաշտի խաղացողների մասին։
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարգանքով է վերաբերվում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Լրագրողների դիտարկմանը, թե այս պարագայում Գագիկ Ծառուկյա՞նն է որոշել վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ իշխանությունները, Մինասյանը տարակուսանք է հայտնում։ «Վերջին հաշվով հենց Ծառուկյանն է եղել որոշում կայացնողը, հեռացել է, այժմ էլ ցանկանում է վերադառնալ։ Դա արդեն իր խնդիրն է»:
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն էլ անդրադառնալով Ծառուկյանի վերադարձին հիշեցնում է իր նախկին հայտարությունը։ «ՀՀԿ-ն շատ է փոշմանելու այս քայլի համար, քանի որ դուրս մղելով երկրորդ քաղաքական ուժին քաղաքական դաշտից, հետագայում իրենց համար դա վերածվելու է գիլյոտինի»:
Հիշեցնենք, որ 2015 թ-ի փետրվարի 12- ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը քաղաքական չարիք անվանեց Գագիկ Ծառուկյանին ու հենց այդ նիստից հետո էլ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից։




