Հասարակություն

«Ավրորա»-ի միջոցառումները նախկին 3-4 օրվա փոխարեն տեւելու են ավելի քան մեկ ամիս

hasmikmartirosyan

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երեւանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը: Հայերը փորձում են վերափոխել ընկալումը՝ զոհից արժանապատիվ եւ ստեղծարար քաղաքացիների:

Հավատարիմ մնալով այդ ջանքերին՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդկայնության համընդհանուր ոգին եւ տոկունությունը: Այս անգամ այն իր գագաթնակետին կհասնի մայիսի 28-ին Երեւանում: Մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության օրը, Հայոց ցեղասպանությունը վերապրողների կամքի դրսեւորումն է, որոնք Եղեռնից ընդամենը երեք տարի անց հռչակեցին  Հայաստանի առաջին հանրապետությունը: Մրցանակի հանձնման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կարժեւորեն այդ ուղին՝ մահից դեպի կյանք, սարսափից դեպի հույս, կործանումից՝ վերածնունդ:

Կարդացեք նաև

Back to top button