

Առաջին հակաբիոտիկն ստեղծվեց 1929 թվականին ՝ պատահաբար, երբ անգլիացի միկրոկենսաբան Ալեքսանդր Ֆլեմինգն իր լաբորատորիայում աշխատելիս պատահաբար ուշադրություն դարձրեց տարօրինակ կանաչ բորբոսի վրա, որով ծածկված էր մանրէներ պարունակող Պետրիի բաժակի հատակը: Հետագայում նա կարողացավ պարզել, որ նյութը, որն ինքը պենիցիլին էր կոչել, կարող է սպանել տարբեր վտանգավոր մանրէներ։ Այնպիսի մանրէներ, որոնք նախորդ դարերում մահաբեր համաճարակների ու միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ էին դառնում: Այսօր սակայն մարդկությունը կանգնած է նոր խնդրի առաջ՝ հակաբիոտիկների համատարած եւ անկանոն օգտագործման արդյունքում հասնում ենք մի կետի, երբ առաջ գնալու փոխարեն կրկին վերադառնալու են մինչեւ 20-րդ դար տիրող իրավիճակին: Խնդիրն արդիական է ողջ աշխարհում եւ ձեռնարկվող քայլերին անմասն չի մնում նաեւ Հայաստանը:
Դեկտեմբերի 15-ից ՀՀ բոլոր դեղատներում արգելվելու է հակաբիոտիկների ազատ վաճառքը: Դեղամիջոցն այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել բացառապես դեղատոմսով։ Այսպիսի կտրուկ քայլի գնում են ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ բազմաթիվ այլ երկրների իշխանությունները: Ամբողջ աշխարհում արդեն լուրջ խնդիր է՝ հակաբիոտիկների կամայական եւ ոչ նպատակային օգտագործման հետեւանքով նվազում է դրանց արդյունավետությունը: Պարզ ասած՝ վտանգավոր մանրէներն ադապտացվում են հակաբիոտիկներին։
Բժիշկները բացում են մի գաղտնիք՝ դեղագործները գերադասում են ստեղծել նոր տեսակի այլ դեղեր, բայց ոչ հակաբիոտիկներ: Դրանց ստեղծումը դժվար է, ծախսատար եւ արդյունքում ստացվում է շատ թանկ դեղամիջոց, որը, բնականաբար, համեմատության կարգով քիչ եկամտաբեր է: Դա է պատճառը, որ հակաբիոտիկների ստեղծման պահից ի վեր՝ 1929 թվականից առայսօր ստեղծվել է հակաբիոտիկների ընդամենը երեք սերունդ: Այսօր հասարակությունն ակտիվորեն օգտագործում է հենց վերջին սերնդի ժամանակակից հակաբիոտիկները եւ մանրէներն արդեն <<իմունիտետ>> են ձեռք բերում այդ դեղամիջոցների դեմ: Եթե այսպես շարունակենք, ապա առաջ գնալու փոխարեն կվերադառնանք մինչեւ 20-րդ դար ունեցած վիճակին՝ ասում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Ժամանակին՝ մինչեւ հակաբիոտիկի ստեղծումը, վտանգավոր եւ մահացու էր համարվում, օրինակ՝ դիֆթերիան, թոքաբորբը, ֆուրունկուլյոզը եւ նույնիսկ անգինան: Այժմ այս բոլոր հիվանդությունները համարվում են հաղթահարված: Բայց բժիշկները խորհուրդ են տալիս ՝ զգոնությունը չպետք է կորցնել։ Պետք չէ նաեւ բարեկամներով, հարազատներով եւ հարեւաններով հակաբիոտիկով <<բուժիչ նշանակումներ>> անել։ <<Այս դեղամիջոցը պետք է օգտագործել զգուշորեն՝ պահելով այն իբրեւ ռեսուրս>>,- խորհուրդ է տալիս առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ եւ հակամանրէային դեղերի հանդեպ կայունության դեմ պայքարի հարցերով համակարգող Քրիստինա Գյուրջյանը:
Պատասխանատուներն այսօր վստահեցնում են՝ դեկտեմբերի 15-ից հետո լուրջ վերահսկողություն է սահմանվելու դեղատներում եւ քիչ հավանական է, որ այս դեպքում օրենքը շրջանցողները շատ կլինեն եւ հակաբիոտիկներ հնարավոր կլինի ձեռք բերել առանց դեղատոմսի, ինչպես ընդունված է ասել՝ <<տակից>>:




