ԿարևորՏնտեսական

Արտաքին պարտքի առումով մոտենում ենք վտանգավոր շեմին.ԱԺ-ում քննարկվում է

lenabadeyan
Խորհրդարանն այսօրվա իր աշխատանքը հատկացնելու է 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը: Հենց այս հարցի առնչությամբ էլ առաջին զարմանքն է այսօր ապրել Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Առաջին անգամ է, որ բյուջեի քննարկմանը կառավարության անդամները բացակայում են»:

Այսպիսով հաջորդ տարվա բյուջեի հարցը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնում է ոչ թե վարչապետը՝ նախարարների ուղեկցությամբ, ինչպես դա եղել է տարիներ շարունակ, այլ պարզապես՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ միայնակ:

Նա այսօր ստիպված էր ներողություն խնդրել իր գործընկերների համար, քանի որ կառավարության անտարբերությունից պատգամավորները խիստ վիրավորվել էին: Դեռ երեկ էր հայտնի, որ այսօր ժամը 12-ին խորհրդարանում պետք է սկսվեն բյուջեի քննարկումները, բայց նախատեսված ժամին ոչ վարչապետն էր եկել խորհրդարան, ոչ էլ՝ նախարարները:

Վարդան Արամյանը իր խոսքի սկզբում պարզաբանեց՝ ճանապարհին են:

2017-ին 3.2 տոկոսի տնտեսական աճին նպաստող կլինի արդյունաբերությունը, սոցիալական ապահովությունն ու առողջապահությունը կրկին կլինեն պետության ուշադրության կենտրոնում, բյուջեի պակասուրդը կհասնի 150 միլիարդի, բայց կառավարությունը կփորձի պակասեցնել արտաքին պարտքը ավելացնող բեռի տեմպերը: Այլ կերպ ասած՝ վարկեր կվերցնեն ոչ ավելի, քան երկու տոկոսի սահմաններում:

Պատգամավոր Արամ Մանուկյանը նկատել է, որ Վարդան Արամյանը առաջին նախարարն է վերջին տարիներին, որ այսօր առաջին անգամ անկեղծորեն հայտարարել է, որ արտաքին պարտքի առումով մոտենում ենք վտանգավոր շեմին՝ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցության 55 տոկոսին:

«Տարիներ շարունակ լսել ենք հակառակը»,- ասել է պատգամավորը՝ միաժամանակ տարակուսելով հրապարակված մեկ այլ թվից: 2017-ին հարկային եկամուտներն ավելանալու են 0.3 տոկոսով՝ ֆինանսների նախարարի հրապարակած այս թիվը անվստահություն առաջացրեց Արամ Մանուկյանի մոտ:

Նշենք, որ բյուջեի քննարկումները խորհրդարանում այսօր կշարունակվեն ողջ օրվա ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button