

Եզդի ժողովուրդը դարեր շարունակ աշխարհին ներկայացել է ոչ միայն իր պատմությունով, մշակույթով ու ավանդույթներով, այլև ազգային և կրոնական տոներով: ազգային փոքրամասնության ինքնության պահպանման գործում այսօր էլ իրենց ուրույն տեղն ունեն այդ տոները: Դրանցից է «Այդա էզդիտը», որը եզդիները կնշեն դեկտեմբերին: Ազգային փոքրամասնությունն այս տոնը նշում է իբրև աշխարհի արարման օր, որն, ի դեպ, շատ ընդհանրություններ ունի մեր Զատկի տոնի հետ: Ներկայացնելով տոնի խորհուրդն ու նշանակությունը՝ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ու Եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրոն ահազանգել են ոչ միայն գալիք, այլև բոլոր մյուս ազգային տոնակատարությունների մոռացության և աչքաթողության մասին:
Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը շարունակում է գոյատևել՝ անգամ չունենալով պետականություն: Ազգային այս փոքրամասնության ինքնության պահպանման հիմքում ազգային և կրոնական տոներն են: Հայաստանաբնակ եզդիները շուրջ 300 տարի առաջ հեռացել են իրենց հոգևոր մայրաքաղաքից՝ Լալիշա-Նուրանից, բայց դրանից հետո էլ դարեր շարունակ պահպանում և նշում են ազգային, կրոնական տոները: Եզդի ժողովրդի կյանքում նման տոներից է «Այդա էզդիտը»։
Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների մոտ կարևոր իրադարձությունները վերածվում են տոնակատարությունների՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրոն։
Տոնը շարժական է։ Դեկտեմբերի 13-ից հետո առաջին երեքշաբթի օրը, այս տարի դեկտեմբերի 20- ին, Այդա էզդիտին նվիրված մատաղ են անում, 3 օր ծոմ են պահում, և ուրբաթ՝ այս տարի դեկտեմբերի 23- ին, բուն տոնակատարության օրն է: Եզդիներն այդ օրը իրար շնորհավորում են՝ միմյանց տուն գնալով։ Եթե տվյալ ընտանիքում ննջեցյալներ կան՝ առաջինը նրանց տուն են գնում: Ներկայացնելով տոնը՝ շեյխ Բրոն հայտնեց, որ այն տարիներ շարունակ նույնությամբ նշել են ամբողջ աշխարհի եզդիները: Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը, սակայն, վերջին տարիներին տոնը նշելու որոշակի պառակտում է նկատվում: Կա հստակ ժամանակացույց, որին ոչ բոլորն են տիրապետում և կան ուժեր, ովքեր նպաստում են ազգային տոնակատարությունների անտեսմանն ու դարերից եկող ավանդույթների խաթարմանը:
Ճիշտ է՝ մեր գիր ու գրականությունը շատ խոր արմատներ չունի, բայց մենք իբրև ազգ ապրել ու գոյատևել ենք մեր դավանանքի շնորհիվ, ուստի իրավունք չունենք մոռացության մատնել կամ անտեսել դարերից եկող մեր ազգային ու կրոնական տոները՝ հավելեց եզդիական համայնքի ներկայացուցիչ Քյարամ Սլոյանը:




