

2016 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը մեր երկրում արձանագրվել է 2 միլիոն 293 900, ինչը անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել է 10 100 մարդով: ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր հրապարակել է Հայաստանի ժողովրդագրական նախնական ցուցանիշերը վերջին 9 ամսվա կտրվածքով: Այն, ինչ քողարկում են չոր թվերը, իրականում մտահոգիչ է: Մեջբերենք մտահոգիչ ցուցանիշերից երկուսը: Ինը ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9,4 հազար, իսկ միգրացիայի գնահատման ցուցանիշը կազմել է 14 հազար 100 : Երկու թվերի էական տարբերությունն ակնհայտ է:
Այսօրվա դրությամբ թվերը հուշում են, որ անելիքներ կան տարբեր ուղղություններով: Այսօրվա դրությամբ նվազումներ կան բոլոր ուղղություններով՝ նվազել է մշտական բնակչության թվաքանակը՝ 10 100-ով: Այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է ավելի քիչ ամուսնություն, ավելի քիչ երեխաներ են ծնվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանի բնակչության մեծ մասն ապրում է քաղաքներում, գյուղական բնակչության թվաքանակը նույնպես նվազել է վերջին 9 ամսվա ընթացքում:
Մարզերի բնակիչներն ունեն իրենց բացատրությունը, թե ինչու ընտանիք կազմելն ու երեխա ունենալն այլեւս առաջնային չէ հայ ընտանիքների համար: Այս պահի դրությամբ կարողանում են միայն բառացիորեն «հացի խնդիր» լուծել եւ ոչ ավելին:
Ժողովրդագրական ցուցանիշերի վրա ազդող սխալ քաղաքականության ուղղություններից մեկի վրա էլ ուշադրություն է հրավիրում պատգամավոր Արամ Մանուկյանը: Չի հոգնում ամեն անգամ բերել միեւնույն օրինակը: Դրանից, ի դեպ, վերջին ժամանակների օրինաչափությունը չի փոխվում:
Ժողովրդագրական ցուցանիշերը, սակայն, կարող են դեռեւս փոխվել մինչեւ տարեվերջ, ասում է Կարինե Կույումջյանը: Որոշակի տեղաշարժ այս առումով նկատում է, օրինակ՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ազդարարում է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո որոշ ակտիվացում է նկատվում:
Իսկ այս պահի դրությամբ հրապարակված ժողովրդագրական ցուցանիշերում ոգեւորող, թերեւս, մեկ ցուցանիշ կա: 2.5 տոկոսով նվազել են մահացության դեպքերը: Վիճակագրությունը փաստում է, որ մահացության հիմնական պատճառը՝ գրեթե 48 տոկոսի դեպքում, արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, երկրորդ տեղում նորագոյացություններից մահվան դեպքերն են, ինչին հաջորդում են շնչառական օրգանների, մարսողական, ինչպես նաեւ վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից մահվան դեպքերը: Մեկ հետաքրքիր ցուցանիշ եւս՝ Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Եթե հայ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 71.7 տարի, ապա կանանց կյանքի միջին տեւողությունը 78.2 տարի է:




