

Լավ գիտեմ բիզնեսի պրոբլեմները և այն խնդիրները, որոնք պետք է լուծել՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՝ նկատելով, որ ընդամենը 1 ամիս է, ինչ բիզնեսի ներկայացուցիչ չէ: Հարությունյանն ասել է, որ վճռական է տրամադրված ստվերի դեմ պայքարելու հարցում: Կանենք քայլեր, կտեսնենք՝ ասել է գլխավոր հարկահավաքը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, բայց վստահեցնելով, որ կարճ ժամանակ է անհրաժեշտ: Ի դեպ, Վարդան Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վարչապետի հայտարարությունից հետո փոփոխություն կա ներկրման դաշտում. դիզվառելիքի և բանանի շուկաներում արդեն 1-2 նոր ներկրող ունենք՝ ասել է Հարությունյանը:
Բոլոր պրոբլեմներից տեղյակ եմ, ժամանակ տվեք՝ կլուծեմ. այս կարգախոսով է սկսում իր գործունեությունը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահը: Երեք օրից կլրանա Վարդան Հարությունյանի պաշտոնավարման մեկ ամիսը: «Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, բայց 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմները, որոնք պետք է լուծել բիզնեսի համար, որպեսզի դաշտն ավելի բացվի: Պայքարելու ենք ստվերի դեմ, քայլերը կանենք, կտեսնեք»:
Վարդան Հարությունյանը պետեկամուտների կոմիտեի առաջին նախագահը չէ, որ խոսում է ստվերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Նախորդները ևս հայտարարել են, որ ստվերը պետք է կրճատվի, բայց մեծ հաջողություններ առանձնապես չեն գրանցել:
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ նոր ղեկավարին հասկանալու համար, թե որտեղ է ստվերը կամ ովքեր են ստվերում գործում: «Ես իմ փոխարեն եմ պատասխան տալիս, կարող եմ ասել էն, ինչ ես եմ անելու: Իհարկե, պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում գույքագրի, հասկանա, ներկայացնի, եթե կա ստվեր, պետք է ես տեղը իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, երկար ժամանակ պետք չէ: Իմանալուց հետո պետք է պայքարել դրա դեմ, որը և անելու եմ: Ասում եք՝ ո՞նց եք պայքարելու, տարբեր ձևեր կան, միակ ձևը՝ պետք է պայքարել»:
Վարչապետի հայտարարությունից հետո, թե որևէ ներկրողի համար որևէ ապրանք ներկրելիս այսուհետ խոչընդոտներ չեն լինելու , իրավիճակն, ըստ Հարությունյանի, փոխվել է: Կան առաջին ծիծեռնակները: «Դիզելային վառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք: Մեկ-երկու մեքենա արդեն ներկրել են, հարկային ու մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»:
Շաքարավազի ներկրման մասով Վարդան Հարությունյանը նոր տեղեկություններ չունի, և առաջարկում է սպասել: Սպասել ու ուսումնասիրել է պետք նաև հասկանալու համար, թե ինչու են նվազել «Ալեքս Գրիգ» ընկերության վճարած հարկերը : «Բերեք հասկանանք, թե հարկերն ինչի արդյունքում են իջել, ներմուծումնե՞րն ու շրջանառությո՞ւնն է նվազել, թե դա ստվեր է: Եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ: Իսկ եթե դա ընդամենը շրջանառության նվազման արդյունքում է, դա այլ խնդիր է»:
ՊԵԿ նախագահը չի հերքում այն դիտարկումը, թե հարկահավաքների թիմն իր մարդկանցով է համալրում : Կադրային քաղաքականության հարցում, ասում է առաջնորդվում է հստակ մոտեցմամբ: «Իմ մարդկանցով է համալրվում, համալրվում է պրոֆեսիոնալ մարդկանցով, և էլի են կատարվելու փոփոխություններ: Էն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշնակ լքելու են թիմը»:
Սա չի նշանակում, թե նախկին թիմը պրոֆեսիոնալ չէր, սա նշանակում է, որ փոխվել են խաղի կանոնները: «Եկեք հասկացեք, որ բան է փոխվել: Էսօր խաղի կանոն է փոխվել, և էդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում: Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը և պետք է աշխատեմ էն թիմի հետ, որը ես եմ ընտրել»:
Իսկ արդեն որպես կառավարիչ խաղի կանոններ փոխվելը Հարությունյանն այսպես է բացատրում. հարկահավաքը պետության ներկայացուցիչն է գործող յուրաքանչյուր բիզնեսի մեջ, այսինքն փայատեր է , և այդ փայի ներկայացուցիչը հարկային մարմիններն են: «Եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք էդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև էդ բիզնեսմենների դեմ»:
Որն է երաշխիքը, որ եկամուտները պետությունից թաքցնող բիզնեսմենի դեմ պայքարում կհաղթի պետությունը: Վարդան Հարությունյանն ասում է ՝ երաշխիքն իր անձն է, իսկ միակ բանը, որ իրեն անհրաժեշտ է, ժամանակն է, ընդ որում ՝ կարճ ժամանակը:




