
տեղադրվել է ժամը 12։59- ին
լրացվել է ժամը 18։23- ին

Բյուջետային եկամուտների թափանցիկ ու կանխատեսելի հավաքագրում, զուսպ ու նպատակային օգտագործում՝ 2017-ին կառավարությունն առաջնորդվելու է այս մոտեցմամբ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն այսօր սկսել են Բյուջե 2017-ի քննարկումները: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդհանուր գծերով ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործելու ենք կոշտ, բայց տնտեսությունը չենք խեղդելու, բիզնեսը չենք ճնշելու՝ ասել է գործադիրի ղեկավարը ու վստահեցրել՝ կառավարությունը հանրությանն ու գործարարին հասկանալի հարկաբյուջետային քաղաքականություն է վարելու: Հաջորդ տարվա համար 3.2 տոկոս տնտեսական աճ է ակնկալվում: Սա, ըստ կառավարության ներկայացուցիչների, տնտեսական վերելքի հնարավորություն չի տա, բայց թույլ կտա վերականգնել տնտեսությունը:
Կառավարությունն արձանագրում է, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը կրել է արտաքին բացասական ցնցումների ազդեցությունը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը: 2017-ին կառավարությունը փորձելու է նվազող դեֆիցիտի միջոցով կայունացնել պարտքը, բայց նաև չխեղդել տնտեսությունը: Եկամուտները հավաքելիս լինել կայուն ու կանխատեսելի, ծախսելիս ՝ զուսպ ու նպատակային. սա կառավարության հիմնական մոտեցումն է՝ ըստ Կարեն Կարապետյանի։
Այն, որ հաջորդ տարվա ընթացքում տնտեսության էական վերելք հնարավոր չէ, արձանագրում է նաև ֆինանսների նախարարը: Նրա խոսքով՝ կառավարությունը տնտեսական թռիչքներ չի ակնկալում, բայց վերականգնում սպասում է: Վարդան Արամյանն ասում է, որ հաջորդ տարվա բյուջեի հիմքում ընկած 4 հիմնական սկզբունքներից ամենակարևորը իրատեսությունն է կամ առկա մակրոտնտեսական միջավայրի վրա հիմնվելը :
2017-ին կառավարությունը ցածր գնաճային ֆոն է ակնկալում, թիրախավորում է կայուն ու կառավարելի արտաքին պարտքը, կառավարությունը աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում։
Սա, ի դեպ, այն զոհաբերությունն է, որը կառավարությունն արել է հանուն երկարաժամկետ արդյունքների: «Հեգելն ասել է՝ պետք է ինչ-որ բան զոհաբերես, որ մեկ այլ բան ձեռք բերես։ Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի ապագա բարձրացումը, որը կարճաժամկետ կարող էի անել, բայց հետագայում արդար չէի լինի, որովհետև մյուս տարիներին տնտեսական աճը կվտանգեի, իսկ տնտեսական աճն է թույլ տալիս բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները»։
Վարդան Արամյանը համոզված է, որ նպատակադրված 3.2 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կկարողանա ապահովել ու դրանով իսկ տնտեսական լուրջ զարգացման հնարավորություն կստեղծի:
Նախարարի լավատեսությունը չի կիսում պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա կարծում է, որ այս բյուջեն կատարվի թե չկատարվի, միևնույնն է, դրական տեղաշարժ չի ապահովելու: Բագրատյանի բնորոշմամբ` կառավարության գործելաոճն ու հայտարարություններն արդեն 10 տարի առանց բռնակի ճամպրուկ են հիշեցնում:
Բայց մինչ այդ արձանագրումը՝ Բագրատյանը կառավարության անդամերին նաև մի երկար հիշեցում է անում, թե տասը տարի առաջ ինչ է խոստացել իշխող կուսակցությունը և ինչ տնտեսական աճ է հաջողվել ապահովել 10 տարիներից յուրաքանչյուրում։ «Այս տարի լրանում է ՀՀԿ-ի կառավարման 10-ամյա ժամկետը, իսկ տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30%: Այնինչ, եթե 7 %-անոց աճի խոստումը պահպանվեր, ապա ստացվելու էր 91%»։
Վարդան Արամյանը համաձայն է, որ մաքսիմալ ջանքեր են պետք տնտեսական աճի բարձր ցուցանիշ ապահովելու համար, համաձայն է նաև, որ 2-3 տոկոս տնտեսական աճը չի կարող սոցիալ-տնտեսական իրավիճակ բարելավել, բայց համաձայն չէ Բագրատյանի հետ այն հարցում, որ թերացել են նախորդ կառավարությունները . հետշոկային նման վիճակում են տարածաշրջանի բոլոր երկրներում, օրինակ, Վրաստանում՝ ասում է։ Պատճառն այն է, որ կան գործոններ, որոնք ազդում են համընդհանուր տնտեսական վիճակի վրա՝ տնտեսական ճգնաժամ, ֆինանսական հոսքերի ուղղությունների փոփոխություն, 2014-ից պատժամիջոցների պատերազմ:
Քննարկմանը հնչեց նաև՝ արդյո՞ք այս կառավարությունը խուսափում է քննադատել նախորդներին, թե՞ քննադատելու արգելք կա: Ֆինանսների նախարարն անձամբ կարծում է, որ խնդիրը ոչ թե արգելքն է , այլ գործընկերային համերաշխություն՝ սոլիդարություն է։ Եթե կան խնդիրներ, դրանք պետք է վերացվեն` ասում է Արամյանը: Իսկ նախորդներին քննադատելը, ըստ նրա, ձախողումներն ուղղելու ամենալավ ճանապարհը չէ:




