ՌԴ դեսպան. Ադրբեջանը երբեք պաշտոնապես ԵՏՄ մտնելու ցանկություն չի հայտնել
«Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը մեծանում է, ապրանքների քանակը՝ շատանում, բայց խնդիրներ կան՝ կապված ռուբլու արժեզրկման հետ։ Ռուբլին դրամի համեմատ զգալիորեն անկում է ապրել, իսկ նման ցուցահանդեսները նպաստում են երկկողմանի առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Այս ցուցահանդեսն ավելի շատ տարածաշրջանային համագործակցությանն է նպաստում, քանի որ տարբեր երկրներ են դրան մասնակցում՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Իսկ լրագրողների հետ հանդիպման առիթը հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելիք «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսն էր և «Երևանյան բիզնես-ֆորումը»:
Ադրբեջանը երբևէ Եվրասիական տնտեսական միություն մտնելու ցանկություն պաշտոնապես չի հայտնել` ասում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ու զարմանում, թե որտեղից են այդ խոսակցությունները սկիզբ առնում: Լրագրողները մեջբերում են փորձագետների դիրքորոշումները, ինչին ի պատասխան դեսպանն ասում է, որ չի կարող խոսել Ադրբեջանի` ԵՏՄ մտնել-չմտնելու մասին, փոխարենը կարող է խոսել այն երկրների մասին, որոնք ցանկություն են հայտնել ԵՏՄ- ի հետ ազատ առեւտրի գոտի ձեւավորել։ «Իսկ նման երկրների թիվը քիչ չէ: Օրինակ` Վիետնամն է նման ցանկություն հայտնել, և մենք հիմա փաստաթղթային մասն ենք կարգավորում: Ցանկություն են հայտնել նաև Եգիպտոսը, Կամբոջան, Սինգապուրը»:
Այն, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո ապրանքաշրջանառության և բիզնես կապերի համար մի նոր ուղի բացվեց Հայաստանի համար՝ անհերքելի փաստ է՝ ասում են «Էքսպո-Ռٳսաստան, Հայաստան եւ Իրան» ﬕջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները:
Իսկ մինչ ԵՏՄ- ի անդամակցումը՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև եղել են բիզնես հետաքրքրություններ: Հենց այդ հետաքրքրությունների դասին էլ պատկանում է արդեն 7-րդ անգամ անցկացվող «Էքսպո Ռուսաստան Հայաստան» ցուցահանդեսը։ Այս տարի այդ ցուցահանդեսին միացել է նաև Իրանը: «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» ﬕջազգային ցուցահանդեսի կազմկոﬕտեի նախագահ Դավիթ Վարդանովն ասում է, որ 2008 թվականից «Մուլտի գրուպ» ընկերության հետ Հայաստանում կազմակերպում են ﬕջազգային արդյունաբերական ցուցահանդես, որի շրջանակում անցկացվում է նաև բիզնես ֆորում: Միայն ցուցահանդեսին առանձին տաղավարներով մասնակցելու են 100-ից ավելի ընկերություններ, սակայն, ընդհանուր առմամբ, մասնակցության համար գրանցվել է 500 ընկերություն Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Հայաստանից: «Նման համագործակցությունը մեծ հաջողություններ է գրանցում մեր ընդհանուր տնտեսական դաշտում: Յուրաքանչյուր ընկերություն եկել է կոնկրետ բիզնես ծրագրերով»:
Իրանի հետ տնտեսական համագործակցությունը դեսպանը բացատրեց նրանով, որ Ազատ առևտրի տնտեսական գոտին ու ԵՏՄ-ն գրավիչ են շատ երկրների համար։ Դրանց թվում է նաև Իրանը, որը ցանկություն է հայտնել մասնակցել այս ցուցահանդեսին: Այն, որ Իրանը միանում է այս գործընկերությանը, դրական կանդրադառնա ընդհանուր ապրանքաշրջանառության վրա՝ նկատում է Հայաստանում ՌԴ դեսպանը։
Լրագրողների հարցին՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա, դեսպանը նշեց, որ պատժամիջոցներով իրենց չես վախեցնի։ Վերջինս չժխտեց, որ կան որոշակի սահմանափակումներ, բայց մյուս կողմից՝ ռուսական արտադրողները զարգացնում են արտադրությունն այն ապրանքների գծով, որոնց կարիքն ունենք։ «Հայկական արտադրանքը մեզ շատ է օժանդակում, իսկ Արևմուտքը թող մտածի, որ, երբ վերացնի իր պատժամիջոցները, մեր շուկան արդեն լցված կլինի այլ երկրների ապրանքներով։ Իսկ թե ինչպես նրանք կմտնեն այդ շուկա՝ արդեն իրենց խնդիրն է»։
Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ էներգետիկայի, ﬔքենաշինության, ավտոﬔքենաների արտադրության, շինարարության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության ոլորտներից: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ կարևորելով այս ﬕջազգային ցուցահանդեսի անցկացումը, նշեց, որ այն նպաստում է մասնակից երկրների բիզնես ոլորտի ակտիվացմանը: