Տնտեսական

Իշխանությունը փորձում է օրենսդրորեն ապահովագրել գործարարների ռիսկերը

lusinevasilyan

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Արդեն հաստատված օրինաչափությամբ ՝ առաջին նիստը մեկնարկել է ոչ օրակարգային հարցերի անդրադարձավ: Զարուհի Փոստանջյանը խոսել է ապրիլյան պատերազմի դասերից ու առաջարկել  ժամանակավոր հանձնաժողով ձևավորել,  ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանն անդրադարձել է  մենաշնորհների խնդրին՝ ԱԺ նախագահին հորդորելով լսումներ նախաձեռնել: ԲՀԿ-ն էլ պահանջել  է իր հեղինակած նախագծի հնարավորինս շուտ քննարկումը: Օրինագիծը վերաբերում է  «Նաիրիտին». ԲՀԿ-ն առաջարկում է   կառավարման  հատուկ ռեժիմ սահմանել:

 

Նախագիծը, որը կառավարությունն ԱԺ-ին առաջարկել  է քննարկել հատուկ կարգով,  այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջինից 24 ժամ հետո,  վերաբերում է արժեթղթերի շուկային:  Օրենսդրական փաթեթով ֆինանսական ոլորտի պատասխանատուները շարքային քաղաքացու համար  խիստ մասնագիտական կարգավորումներ են  առաջարկում:

Մասնավորապես,  սահմանում են ածանցյալ ֆինանսական գործիքների ներդրման սկզբունքերը: «Ածանցյալ ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն և այլն»,- ներկայացնում է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Եթե փոքր-ինչ ավելի պարզ, ապա լրացուցիչ ֆինանսական գործիքները նախատեսվելու են  ձեռնարկատիրական ռիսկերը կառավարելու համար:

Ներսես Երիցյանը բացատրեց, որ փոփոխությունների ընդունումը բխում է Արժութի միջազգային հիմնադրամի հետ 2016 թվականին ստորագրված փաստաթղթից, համաձայն որի՝ Հայաստանը պարտավորվել է բարեփոխել ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների նկատմամբ կիրառվող օրենսդրությունը: Իսկ ավելի մատչելի բացատրությամբ՝ այս  ֆինանսական գործիքների կիրառումը ձեռնարկատերերին հնարավորություն կտա ապահովագրել  ձեռնարկատիրական գործունեությունը տարբեր ռիսկերից՝ արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի և այլ շուկայական տատանումներից:

«Օրինակ՝ նավթի գնի բարձրացման ռիսկը զսպելու համար կազմակերպությունները կկարողանան կնքել ֆյուչերս կամ ֆորվարդ գործարքներ, որոնք կֆիքսեն այն գինը, որով կազմակերպությունն իրավունք կունենա գնել նավթ, օրինակ, 1 տարի անց: Այս դեպքում, եթե մեկ տարի անց նավթի գինը բարձրանա՝ կողմը կկարողանա նավթ գնել նախապես պայմանավորված և տվյալ պահին շուկայում առկա գնից ավելի ցածր գնով»:

Ընդհանուր առմամբ՝ նպատակը  կապիտալի շուկայի կայացումն է, դրա արդյունքում՝ ներդրումների խրախուսումը:  Իսկ  ո՞րն է պատճառը, որ մինչ այժմ  այս ֆինանսական գործիքները չեն կիրառվել՝  հարցը ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին էր հետաքրքրում:  «Այսինքն՝ այսքան ժամանակ, որ մենք  բարձրակարգ ստանդարտներով ֆինանսական գործիքներ ենք ուզում դնել, այս գործիքները չենք կարողացել ունենալ, որ օտարերկրյա ներդրողները կարողանան ռիսկերը կանոնակարգել։ Ի՞նչու այս հարցը հիմա առաջացավ»։

Ի պատասխան՝ Ներսես Երիցյանը բացատրեց՝ այս գործիքները  մատչելի դարձնելու համար շուկային որոշակի ֆինանսական  խորություն էր պետք, որոշակի զարգացում: Այսօր բանկային ակտիվները ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսն են կազմում: «Միայն իրավական ծախսերը, որ մեր բանկերն անելու են՝ այս պայմանագիրը ներդնեն, բավականին մեծ են ու նման ծախսեր մենք 5-6 տարի առաջ չէինք կարող դնել մեր բանկերի վրա»։

Պատգամավորները կարծես թե դեմ չեն ածանցյալ ֆինանսական գործիքների ներդրմանը, դրանով ներդրումները խրախուսելուն, բայց  նույն նպատակը կոնկրետ մի ձեռնարկության ՝ «Նաիրիտի» օրինակով պնդում են որպես սեփական նախաձեռնություն և արագ քննարկում են պահանջում: ԲՀԿ խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել  մի օրինագիծ, որով «Նաիրիտի» վերագործարկման  և կառավարման հատուկ ռեժիմ է առաջարկվում:  Այն արժանացել  է  ոչ միայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, այլ նաև կառավարության  դրական եզրակացությանը: Սա Նաիրա Զոհրաբյանին հաճելիորեն զարմացրել է, փոխարենը հիասթափեցրել է տեղեկությունը, որ այս քառօրյայում այն  չի քննարկվելու:

Զոհրաբյանն ասում է՝ ԲՀԿ-ն հստակ մեխանիզմներ է առաջարկում ՝ սայլը տեղից շարժելու համար: ԲՀԿ-ականներն ասում են նաև, որ իրենց կողմից առաջարկվող մեխանիզմները քննարկել են թե նաիրիտցիների, նաև Բնական ռեսուրսների ու էներգետիկայի նախարարի հետ: Նախագծով առաջարկվում է «Նաիրիտի» վերաշահագործման նպատակով սահմանել ձեռնարկության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ, ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, բացառել հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև ապահովել ձեռնարկության հիմնական միջոցների շուկայական գնահատումը:

Առաջարկվում է նաև արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտը» հայտարարել արդյունաբերական գոտի, իսկ  70 մլն դոլարին համարժեք ներդրումային ծրագրի դեպքում՝ 5 տարի ազատել հարկերից:

Նախագիծը ընդգրկված է քառօրյա նիստերի օրակարգում, թե երբ կքննարկվի ՝ դեռ պարզ չէ.  նիստերի դահլիճում հարցերի քննարկման հերթականությունը որոշում է ԱԺ նախագահը:

 

Back to top button