Տնտեսական

Մրցակցային միջավայրի բարելավումը` օտարերկրյա ներդրումների ավելացման գրավական

hasmikdilanyan
«Մրցակցային հավասար պայմանների ստեղծում բոլոր տնտեսվարողների համար», այսօր տնտեսվարողների ու դեսպանների հետ համատեղ քննարկման ժամանակ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել դրա նախագահ Արտակ Շաբոյանը: Հանձնաժողովը, ի դեպ, դիտարկել է մսամթերքի, ձեթի, մարգարինի, բրնձի, սուրճի և մի շարք այլ շուկաներ ու պարզել, որ այստեղ արձանագրվել է կենտրոնացվածության մակարդակի նվազում: Սա պայմանավորված է  նոր տնտեսվարողների գործոնով, ինչի արդյունքում տասնյակ ոլորտներում նոր տնտեսվարողների թիվն է աճել:  Նշենք նաև, որ   Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանը 138 երկրների շարքում զբաղեցնում է 51-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավելով 28 կետով: 11 կետով էլ առաջընթաց է գրանցվել հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշի գծով:


Մրցակցային միջավայրի  բարելավում, բաց և թափանցիկ  խաղի կանոններ. սա  է  բիզնես սկսելու, այն զարգացնելու  հիմնական բանաձևը,  որին հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է անդրադարձ կատարվում: Դրա մասին նաև կառավարության ղեկավարն է  խոսում:  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը գիտակցում է ՝ պետք է ու կարևոր է մրցակցային միջավայրը բարելավել, սա է ներդրումների ներգրավման միակ ճանապարհը: Մեր երկրում օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն են  իրականցնում հիմնականում գինու, կոնյակի, շինանյութի, տնտեսական ապրանքների, կապի ու ՏՏ մի շարք այլ ոլորտներ։ Շաբոյանը վստահեցնում է՝ կառավարությունը բիզնեսի պայմանները բարելավելու ուղղությամբ միջոցներ է ձեռնարկում: Երեկ խորհրդարանական ամբիոնից  անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝  «Բիզնեսի մեջ մեծ կրակ չկա, հուսահատված ու հուսալքված է»:

Մրցակցային միջավայրի բարելավումը նաև օտարերկրյա ներդրումների ավելացման գրավականն է, հատկապես այս շրջանում, երբ մեր երկրում դրանք շեշտակիորեն նվազում են:  Հայաստանը կարևորում է եվրոպական կապիտալով  ձեռնարկությունների գործունեությունը: ՌԴ-ից հետո մեր երկրում  ամենախոշոր ներդրումներ  իրականացնող երկրներն են  Գերմանիան և Ֆրանսիան:  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան

«Շատ լավ հասկանում ենք, գիտակցում ենք, որ այս ընկերությունների գործունեությունը խթանելու, ընդլայնելու համար շատ կարևոր նշանակություն ունի բարենպաստ մրցակցային միջավայրի ապահովումը»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով, աշխատել են  Հայաստանի կառավարության հետ,  առաջարկություններ են ներկայացրել, բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել: Մի առաջարկ, այդուհանդերձ, ունեն՝ մրցակցային մարմինը տնտեսվարողների մոտ պետք է առանց նախապես տեղեկացնելու  ստուգումներ իրականացնելու  հնարավորություն ունենա:

Դեսպանի խոսքով՝  առաջընթաց կա, սակայն բիզնես համայնքն  ավելին է ակնկալում: Փոխանցելով տնտեսվարողների մտահոգությունները՝  ընդգծում է՝  տպավորություն է, որ  բիզնես միջավայրը նպաստավոր է   խոշոր տնտեսվարողների համար ու  սկսնակների համար դժվար է շուկա մուտք գործել ու աշխատել:

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆիլիպ Չիբոն  տնտեսավարողներին անհանգստացնող խնդիրներից հարկային ու  մաքսային վարչարարությունն է առանձնացնում:

«Տնտեսվարողները կողմ են  հավասար մրցակցային պայմանների ապահովմանը»:

Դրան  հասնելու համար  Չիբոն ապավինում է ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ  գործունեությանը:

Երևանում այսօր հակամենաշնորհային մարմինը մրցակցությանը խոչընդոտող  հարցերը դեսպանների ու գործարարների հետ էր քննարկում ։ ՀՀ-ում  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտին էլ է ընդգծում ՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ` ազատ մրցակցային  միջավայրի ապահովման համար:

«Տնտեսական  մրցակցության պաշտպանության օրենսդրության մեջ փոփոխություններ ենք կատարել»,-  տեղեկացնում է  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնավորեցնելով՝  պետական պաշտոնյաները  իրենց լիազորություններից դուրս  ձեռնարկատիրական գործունեությանը միջամտելու  իրավունք չունեն.

«Եթե պետական պաշտոնյաները  տնտեսվարողների հետ կպայմանավորվեն, անհարկի միջամտություններ կիրականացնեն, կուղղորդեն տնտեսվարողների գործունեությունը  կամ նրանց հրահանգեր կտան, այսպիսի գործունեությունը կարող է համարվել հակամրցակցային գործողություն, և այսուհետ մեր հանձնաժողովը իրավասու կլինի նմանատիպ, հակամրցակցային  գործունեության համար պատասխանատվության ենթարկել պետական պաշտոնյաներին»:

«Պետական գնումների համակարգն ավելի թափանցիկ դարձնելու համար լուրջ քայլեր ենք արել»,- ասում է Շաբոյանն ու խնդրում՝ ցանկացած ոլորտում ցանկացած խոչընդոտի դեպքում անպայման իրենց տեղյակ պահել։

Կարդացեք նաև

Back to top button