

Մեկնարկել է «Եվրոդիպ» հուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը: Համաժողովն այս տարի անցկացվում է Երևանում և կրում «Զբոսաշրջային կրթություն .ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագիրը: Ֆորումի շրջանակներում որակյալ կադրեր ստեղծելու մեխանիզմներն են քննարկվելու և մշակվելու են կրթական ծրագրերի չափորոշիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Հյուրընկալության և զբոսաշրջության վերաբերյալ մասնագիտական կրթություն և ուսուցում» վերնագրով ձեռնարկը, որի հեղինակը «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպն է: Այն Տուրիզմի հայկական ինստիտուտի կողմից թարգմանվել է հայերեն և ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել որպես բուհական մեթոդական ձեռնարկ:
Տուրիզմն ու համապատասխան կրթության զարգացումը ՀՀ գերակա ուղղություններից է: Մեծապես կարևորելով «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովի անցկացումը Երևանում՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նկատեց, որ այս ֆորումը կնպաստի մասնագիտության զարգացմանն ու կրթական ծրագրերում նոր չափորոշիչների մշակմանը:
Տուրիզմի զարգացման կարևորագույն խնդիրը որակյալ կադրեր ունենալն է՝ իր հերթին նկատեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանը: Նշեց, որ եռօրյա համաժողովի ընթացքում որակյալ կադրեր ստեղծելու մեխանիզմներն են քննարկվելու:
Տուրիզմի բնագավառում կրթական չափորոշիչների մշակմանը կմասնակցեն նաև միջազգային փորձագետներ: Միջազգային խորհրդատու Շյամ Պատյարը ժամանել է Մեծ Բրիտանիայից։ Աշխատել է շատ երկրներում՝ նաեւ Չինաստանում և Աֆրիկայում:
Հյուրընկալության և զբոսաշրջային կրթության ասոցիացիան ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում: Կառույցին անդամակցում են 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150 000 ուսանողներ: Հաջորդ տարի համաժողովն անցկացվելու է Իսպանիայում:




