Տնտեսական

Արցախի պետբյուջեի պակասուրդն ավելացել է 4 մլրդ դրամով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախում տարին փակելու են փոփոխված պետական բյուջեով: Պատճառներից մեկը ապրիլյան իրադարձություններն են: Կառավարության առաջարկին արդեն  հավանություն են տվել նաեւ Ազգային ժողովում: 2016 թվականի պետական բյուջեի մասին   օրենքի փոփոխությամբ  բյուջեի պակասուրդը կավելանա    մոտ 4 միլիարդ դրամով:

 

Արցախի պետական բյուջեի պակասուրդի ավելացման պատճառը պլանավորված եկամուտների կրճատումն: Դրա վրա ազդել են ապրիլյան իրադարձությունները, որոնց հետեւանքները պետական բյուջեի եկամտային մասի վրա  ավելի քան մեկ միլիարդ դրամի ազդեցություն են թողել:

Բացի դրանից ապրիլից հետո  բավականին բարդ իրավիճակում հայտնված փոքր ու միջին ձեռնարկություններին եւ ուղեւորափոխադրողներին աջակցելու նպատակով  օրենսդրական փոփոխություններ էին կատարվել` 2016 թվականի համար հարկային արտոնություններ սահմանելով: Դրանց արդյունքում պետական բյուջե չի մուտքագրվի մոտ 300 մլն դրամ:

Սպասվածից մոտ 1միլիարդ 600 միլիոն դրաով քիչ գումար պետական բյուջե կփոխանցի Արցախի խոշոր հարկատուներից Բեյզ Մեթլըզ ընկերությունը:

Մոտ երկու միլիարդ դրամ կրճատվելու է նախատեսված ծախսերում. կառավարությունում ասում են, որ դրանից սոցիալական ծրագրերը չեն տուժելու` կրճատումները տարվա ընթացքում կատարված խնայողությունների հաշվին են:

Տնտեսված գումարները ուղղվելու են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում, ինչպես նաեւ ապրիլյան իրադարձություններից տուժած Մարտակերտ քաղաքում եւ Մատաղիս գյուղում բնակարանաշինական ծրագրերին` ձեռք են բերվելու շինանյութեր:

Գումարների մի մասն ուղղվելու է ճանապարհաշինական ծրագրերին։ Խոսքը հատկապես առաջնադիրք տանող ճանապարհների եւ ինժեներական կառույցների մասին է: Հենց այս  մեկնաբանությունն էլ Արցախի խորհրդարանական ընդդիմության համար կանխորոշիչ էր` կառավարության բյուջեի դեֆիցիտն ավելացնելուն կողմ քվեարկելու հարցում:

Արցախում արդեն սկսված է գալիք տարվա բյուջետային գործընթացը:  Առաջիկա եռամյա միջնաժամկետ ծախսային ծրագրերով 2017 թվականի բյուջեն իր  հնարավորություններով  այս տարվա բյուջեից չի տարբերվելու: Համենայնդեպս` անկախ գնաճից աշխատավարձերի թոշակների եւ այլ սոցիալական վճարումների աճ չի նախատեսվում:

Կարդացեք նաև

Back to top button