

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի Ազգային պատկերասրահի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ Հայասատանի Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում գումարվել է գիտաժողով` նվիրված Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին: Արվեստաբան, թանգարանագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է: Երկօրյա գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն Ռ.Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարներ, ինչպես նաև կլինի Ռ.Դրամբյանի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը , հեղինակը Ռուբեն Դրամբյանի դուստրն է՝ Իրինա Դրամբյանը: Գիտաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հայաստանի երիտասարդ հանրապետության կառավարության կողմից 1921 թվականին ընդունվում է որոշում Հայաստանի պետական թանգարան հիմնադրելու մասին:
Նույն թվականին էլ ծնունդ է առնում Հայաստանի Ազգային պատկերասրահը, որպես վերոնշյալ թանգարանի արվեստի բաժին: Թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը: 1924 թվականի աշնանը Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Թամանյանի համառ պահանջով Պետրոգրադից Երևան է տեղափոխվում արվեստաբան, թանգարանագետ Ռուբեն Դրամբյանը, ում ավանդը հայ մշակութային կյանքում Ազգային պատկերասրահի տնօերն Արման Ծատուրյանը որակեց անգնահատելի:
«1925 թվականին Ռուբեն Դրամբյանը ստանձնում է թանգարանի գեղարվեստական բաժնի վարիչի պարտականությունները, իսկ 1925 թվականին նշանակվում է Կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն: Ռուբեն Դրամբյանի մասնագիտական փորձի ու մեծ նվիրումի շնորհիվ Խորհրդային միությունում Հայաստանի թանգարանը համարվում է լավագույններից մեկը: 1947 թվականի թանգարանը վերանվանվում և մինչև 1991 թվականը կոչվում էր Հայաստանի պետական թանգարան»:
«Գտնվելով որմնանկարների այս փառահեղ դահլիճում, այսօր դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ դժվարություններով, ահռելի ջանքերով ու տիտանական աշխատանքով է Ռուբեն Դրամբյանը ստեղծել այս ամենը»,-մտավորականի 125-ամյակին նվիրված գիտաժողովի բացման խոսքում նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը.
«Փորձենք պատկերացնել հեռավոր 1924 թվականը: Հողաշեն, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան և այդ Երևանում Կերպարվեստի պետական թանգարանի բացում: Մի տեսակ ուտոպիստական ու տարօրինակ է թվում: Փորձենք պատկերացնել նաև Երևանը Հայրենական պատերազմի տարիներին: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսը դժվար թե ժամանակ և միջոցներ թողներ պատկերասրահի մասին մտածելու համար անգամ, բայց Ռուբեն Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը: Այսպիսի նվիրյալ գործիչների, ազգային մտածողությամբ օժտված մարդկանց շնորհիվ, նրանց հայրենասիրության և անձնազոհ նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան»:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը ներկաներից, թերևս, միակն էր, ով բախտ է ունցել լինել Ռուբեն Դրամբյանի ուսանողը՝ Թատերական ինստիտուտում, 1950-ական թվականներին: Նա խոր գիտակ էր ռուս մշակույթի և ոչ միայն ռուս մշակույթի: Ըստ Հովհաննիսյանի այն տարիներին թյուր կարծիք կար, որ ռուսախոս և ռուսագիր Ռուբեն Դրամբյանը հայերեն չգիտի, բայց դա մեծ սխալ էր, որովհետև մեկ տարի նա արվեստի պատմությունն իր ուսանողներին ներկայացրել է ամենաընտիր հայերենով:
«Արվեստի պատմությունից ու արվեստի ընկալումից զատ նրանից շատ բան կարելի էր սովորել: Բարեշնորհ անձնավորություն էր բոլոր առումներով: Անչափ զուսպ, ձայնը երբեք չբարձրացնող: Ես նրանից սովորեցի հասկանալ կերպարվեստը, նկարը»:
Հենրիկ Հովհաննիսյանն ասաց, որ ուսանողական տարիներին չի էլ իմացել, որ իր դասախոսն է եղել Ազգային պատկերասրահի հիմնադիրը: Ռուբեն Դրամբյանն իր ուսանողների հետ երբեք այդ մասին չի խոսել: «Իր ստեղծածով հպարտանալու համար նա չափազանց համեստ մարդ էր»,-ասում է Հուվհաննիսյանը:




