Տնտեսական

Օրգանական գյուղատնտեսության հիմնասյունը փոքր ֆերմերներն են

karenghazaryan

Հողին ու բույսին պետք է վերաբերվել սիրով, ինչպես մեր պապերը: Այս սկզբունքով ոչ բոլոր ֆերմերային տնտեսություններն են գործում: Այն սակայն վաղուց կենսակերպ է դարձել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար: Նրանցից 18-ն այսօր արժանացել են օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության դրամաշնորհներին: Այս ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից: Այս կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր դրամաշնորհները հանձնել են հաղթած շահառուներին եւ հայտարարել լրացուցիչ մրցույթ՝ օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակներում փոքր ֆերմերային տնտեսություններին օժանդակելու նպատակով:

 

Վայոց ձորի մարզում օրգանական խաղողագործության սկզբունքներով է աշխատում «Տրինիտի» ընկերությունը: Ընկերությունը մարզի Աղավնաձոր համայնքում գործում է 2009 թվականից:  Մեր փիլիսոփայությանը համահունչ ստեղծեցինք մեր գինին, որն ունեցավ հաջողություն՝ ասաց ընկերության ղեկավար Հովակիմ Սաղաթելյանը՝ պատմելով օրգանական գյուղատնտեսության բնագավառում անցած իրենց ճանապարհի ու հեռանկարների մասին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր ողջույնի խոսքում նկատեց, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի: Նախարարն արդեն հասցրել էր հանդիպել ու խոսել այս ուղղությամբ զբաղվողների հետ: Նորանշանակ նախարարը վստահ է, որ ուղղությունը եկամտաբեր է եւ, միանշանակ է, որ այն կարեւոր է Հայաստանի համար:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը միտված է հատկապես փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների ու ձեռնարկությունների զարգացմանը: Տեղական շուկայի զարգացումն ու արտահանման հնարավորությունների ընդլայնումը կարեւոր բաղադրիչներից է: «Հենց փոքր ֆերմերներն են օրգանական գյուղատնտեսության հիմնասյունը: Տրամադրելով առարկայական եւ տեխնիկական աջակցություն՝ մենք հույս ունենք, որ ավելի ու ավելի շատ ֆերմերներ կսկսեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը:

«Տրինիտի» ընկերությունն այն 18-ից մեկն է, որ հաղթել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրի հայտարարած դրամաշնորհների մրցույթը: Ընդհանուր 800 հազար եվրոյից 29 հազարն արդեն կտնօրինի այս ընկերությունը: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց ընկերության հիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը, այդ գումարը կօգնի, որ առավել արագ քայլերով ընկերությունը գնա դեպի ընդլայնում ու առավել բարելավի իր օրգանական գյուղատնտեսության պրակտիկան:

Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտեն Լեթորդերը վստահ է, որ համեղ օրգանական մթերքներն ու իրենց խրախուսանքը կոգեշնչեն շատերին՝ օրգանական արտադրություն տալու: Նա այսօր հայտարարեց դրամաշնորհների լրացուցիչ մրցույթի մասին՝ Հայաստանի ամբողջ տարածքում փոքր ֆերմերներին աջակցելու նպատակով: Դիմումների վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:

Կարդացեք նաև

Back to top button