

«Մարդու իրավունքները Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում 2015-ին» թեմայով քննարկում է այսօր անցկացվել «Մեդիա կենտրոնում»: Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի անդամները ներկայացրել են անցած տարվա դիտարկումների արդյունքները՝ խոսելով նաեւ իրենց կողմից հայտնաբերված խախտումների կոնկրետ փաստերի մասին: Ոստիկանության ներկայացուցիչները շեշտել են, որ խախտումները չեն բացառում, միաժամանակ՝ նշելով, որ ոստիկանության ղեկավարությունն ամեն ինչ անում է նշյալ վայրերում համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար եւ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առանձին դեպք ու խնդիր, որը, դիտորդների գնահատմամբ, ավելի խորքային է: Կողմերն արձանագրել են, որ առաջընթաց կա եւ համոզմունք հայտնել, որ համագործակցության արդյունքում այն կարող է էլ ավելի տեսանելի լինել:
2015-ին հասարակական դիտորդական խումբը 48 անգամ ընթացիկ հաշվետվություններով դիմել է ոստիկանությանը՝ արձանագրած խախտումների մասով: Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Սահակյանի փոխանցմամբ՝ 35-ի դեպքում ոստիկանները պատասխանատվության ենթարկվել են:
Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատությամբ, խախտումների քանակը նվազել է, սակայն կան խախտումներ, որոնք, օրինակ, օրենսդրական բացերի կամ գիտելիքների պակասի արդյունք են: Նրա գնահատմամբ առաջընթաց կա, սակայն կարծում է, որ պետք է հատկապես առկա խնդիրներին ու թերություններին ուշադրություն դարձնել, որոնց լուծմամբ առաջընթացն ավելին կլինի: Մտահոգություններից հիմնականը շարունակում են մնալ խոշտանգումները:
Խախտումների դեպքում էլ պատասխանատվություն գործում է: Վարդան Բադասյանը շեշտեց, որ տարբեր խախտումների համար կան ծառայողներ, որոնց գործունեությունը կասեցված է, կան նաեւ գործեր, որոնցով նախաքննություն է ընթանում, կան նաեւ աշխատանքից ազատված ոստիկաններ ու վարչական պատասխանատվության ենթարկվածներ: Դիտորդներն արձանագրել են նաեւ, նախնական կալանքի համար սահմանված 72-ժամյա ռեժիմի խախտումներ: Վարդան Բադասյանը նման դեպքերը չբացառեց, հավելեց, սակայն, որ դրանք շատ քիչ են եւ հիմնականում օբյեկտիվ բացատրություններ ունեն:
Խախտումների ժամանակահատվածն էլ բավականին կրճատված է, ինչը փաստեցին նաեւ հասարակական դիտորդները: Ըստ դիտորդների՝ խնդիր կա նաեւ վախի մթնոլորտի հետ կապված, այսինքն՝ դրա ազդեցությամբ հաճախ ձերբակալվածները հայտարարություն չեն կատարում՝ մտահոգվելով, թե հետագայում կարող է իրենց գործը նույն քննիչի մոտ գնալ: Վարդան Բադասյանը, սակայն, կարծում է, որ բարեփոխումների եւ տարված տարբեր աշխատանքների շնորհիվ նման խնդիր այսօր գոյություն չունի եւ պետք չէ սեւ կատու փնտրել մութ սենյակում, երբ այնտեղ կատու էլ չկա:
Նման իրազեկումների դեպքում գործերը գնում են ՀՔԾ: Այս մեխանիզմը հստակորեն գործում է եւ մտահոգվելու խնդիր չկա՝ կարծում է ոստիկանության ներկայացուցիչը: Փաստեր լինելու դեպքում նա վստահեցնում է, որ կարձագանքեն: Հայտնաբերենք միասին, ասաց՝ հավելելով, որ եթե չկա, ուրեմն արձանագրենք, որ լուրջ նվաճում ունենք: Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանն էլ նկատեց, որ խոշտանգման դեպքերի բացակայության մասին 2015-ի զեկույցում արձանագրել են նաեւ Եվրոպացի փորձագետները: Հասարակական դիտորդներն արձանագրեցին, թե իրենց բարձրացրած հարցերի պատասխանները լիարժեք չստացան: Ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, ասացին, որ դիտորդների հաշվետվության շրջանակներում բոլոր հարցերի պատասխանները տրվեցին: Երկուստեք նշվեց, որ անկախ տարաձայնություններից կարեւոր են գործընկերային հարաբերությունները, որոնց արդյունքում ձերբակալվածների իրավունքների պաշտպանության առավել բարելավում կարող է արձանագրվել:
Նկարը՝ Մեդիա կենտրոնի ՖԲ էջից




