

Երեք օրից հանրապետության ուսումնական հաստատություններն իրենց դռները կբացեն դպրոցականների և ուսանողների առջև: Այս օրերին հատկապես երևանյան տոնավաճառներում աշխույժ եռուզեռ է, մեծ ու փոքր վերջին գնումներն են կատարում՝ սեպտեմբերի 1- ն ըստ արժանվույն դիմավորելու համար: Մասնագետները ծնողների ուշադրությունը հատկապես առաջին դասարանցիների վրա են հրավիրում, հորդորում՝ առավել ուշադիր լինել, հանգստից ուսումնական գործընթացին աստիճանաբար անցնել: Դպրոցականներն էլ իրենց հերթին են «Ռադիոլուրին» վստահեցրել են, որ պատրաստ են ու ցանկանում են դպրոց գնալ, սակայն, նաև խոստովանել են՝ կարոտել են հիմնականում ոչ թե ուսմանը, իրենց ընկերներին:
Գրենական պիտույքներ, դպրոցական համազգեստ ու ոչ միայն. վերջին շտկումները նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Մայրաքաղաքի տոնավաճառներում և ընդհանրապես առևտրի կետերում մարդկանց հոսքը համեմատաբար ավելացել է, այս օրերին առևտրականները երկար են սպասել.: Օգոստոսի վերջին օրերին սպասել են նաև երեխաները, ամառային արձակուրդներից հետո նրանք նորմալ ուսումնական գործընթացի մեջ են մտնելու, վստահեցնում են՝ պատրաստ են։
Սթրեսային փուլ. մանկական հոգեբան Լիլիթ Խաչատրյանն օգոստոսյան վերջին ու սեպտեմբերի առաջին երկու շաբաթը այսպես է բնութագրում, կարևորում հատկապես առաջին ու ընդհանրապես տարրական դպրոցի աշակերտների նկատմամբ ծնողի ճիշտ վերաբերմունքը: Երեխաների մոտ առաջանում է ծնողից բաժանվելու վախ, վեց-յոթ տարեկան երեխայի կյանքում դպրոց մուտքն արդեն ճգնաժամային է՝ ասում է մասնագետը։
Հոգեբանը մեծերին հորդորում է երեխաներին դպրոցական կյանքին աստիճանաբար նախապատրաստել, կարևորում է ծնողների ու հատկապես մոր դերը, առաջին իսկ անհաջողության դեպքում ոչ թե փնովել երեխային, այլ՝ ընդհակառակը՝ քաջալերել:
Դպրոցական համազգեստ կրելն էլ, ըստ հոգեբանի, աշակերտի հոգեբանություն է ձևավորում: Երեխաներին դպրոց ճանապարհելիս ոչ պակաս կարևոր են ճիշտ ընտրված պայուսակները: Վնասվածքաբան- օրթոպեդ Արտակ Գալստյանը խորհուրդ է տալիս ուսապարկ պայուսակներ, մեկ ուսագոտու շրջանով պայուսակները երեխայի մոտ մկանային լարվածության են առաջացնում։ Հատկապես առաջին դասարանցի երեխայի պայուսակի քաշը 2 կգ- ից ավելի չպետք է լինի:
Նշենք, որ այս տարի առաջին դասարան կհաճախի 40 հազար երեխա նախորդ տարվա 38 հազարի փոխարեն:




