

Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները: ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հնգամյա CARMAC ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, այն նախատեսվում է ավարտել 2016 թ. սեպտեմբերին: «Կարմակ» ծրագրի միջոցով, ըստ «Գյուղատնտեսական ծրագրեի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի, բավականաչափ օգտագործելի են դարձել արոտավայրերը։
«Կարմակ 1» ծրագրում ընդգրկվել է 81 համայնք, «Կարմակ 2» ծրագրով ներառվել է ևս 111 համայնք: Ըստ այդմ՝ 2011 թվականի համեմատ գրանցվել է անասնապահական արտադրանքի ծավալների աճ, կովերի տարեկան միջին կաթնատվությունն ավելացել է մոտավորապես 33,3 տոկոսով, եղջերավորների գլխաքանակը՝ մոտ 20 տոկոսով:
Ի դեպ՝ ծրագիրը, որը մեկնարկել էր 2011 թվականի հուլիսին, կավարտվի այս տարվա 2016 թվականի սեպտեմբերին: Աջակցություն է ցուցաբերվել Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքների, անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ 55 համայնքների՝ արոտօգտագործման, կերարտադրության կայուն հիմք ստեղծելու նպատակով, նշեց Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Նա փաստեց, որ ամենահաջողված ծրագիրն իրագործվել է Գեղարքունիքի մարզում՝ Գավառում: Ծրագրի շրջանակում կառուցվել է 4 անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ Սյունիքի Խնձորեսկ, Արագածոտնի Արտաշավան, Գեղարքունիքի Ճամբարակ և Տավուշի Բերդ համայնքներում: Ներկայումս ընթացքի մեջ են ևս մեկ անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները Շիրակի Փանիկ համայնքում:
Ջրագծերի ու պոմպակայանների ներդրման արդյունքում բավականին արդյունավետ է դարձել արոտավայրերի օգտագործումը: Սակայն այստեղ կա իրացման խնդիր:
Իրացման հարցը լուծելու համար ֆինանսական միջոցներ են հատկացվել էկոնոմիկայի նախարարությանը՝ լոգիստիկ կենտրոններ հիմնելու նպատակով, ինչը պետք է նպաստի իրացման խնդրի լուծմանը: Թե ինչպես է լուծել հարցը նախարարությունը կփաստեն թերևս անասնապահները:




