Տնտեսական

Որոտանի համալիրում էլ. էներգիայի արտադրության ծավալն այս տարի կհասցվի 1 մլրդ կՎտ/ժ

arminegevorgyan

Էներգետիկայի ոլորտում կատարվող աշխատանքներին ծանոթացնելու նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կազմակերպել էր լրագրողների այց Սյունիքի մարզ։ Լրագրողների առաջին կանգառը էներգետիկ նշանակությամբ Հայաստանի ամենամեծ՝ Սպանդարյանի ջրամբարն է, որը սնում է Որոտանի համալիրի մեջ մտնող երեք հիդրոկայանները։ Ինչպես հայտնի է, այս համալիրն անցած տարի վաճառվեց ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության։

 

Այս տարի Որոտանի համալիրում նախատեսվում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցնել 1 մլրդ կՎտ ժամի։  Բայց մինչ Որոտան համալիրի մասին խոսելը` «Կոնտուր Գլոբալ»  oնկերության արտադրության ղեկավարի տեղակալ Գագիկ Մկրտչյանը տեղեկացնում է, որ այս պահին ջրամբարում առկա է շուրջ 162 մլն խոր. մետր ջուր, ինչը գրեթե 20 միլիոնով ավելի է նախորդ տարվանից։ Իսկ դա նշանակում է, որ համալիրը հնարավորություն ունի այս տարի ավելի շատ  էլեկտրաէներգիա արտադրել։ Սպանդարյան ջրամբարում կուտակվող յուրաքանչյուր խոր. մետր ջրից արտադրվում է 2,8 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Չնայած կայանի սարքավորումները հիմնականում 1970-ական թվականների արտադրության են, բայց մասնագետները հավաստիացնում են, որ անվտանգությունն ամբողջությամբ ապահովված է։ Որոտանի համալիրը «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառելուց հետո անցած մեկ տարվա ընթացքում որևէ վթար չի արձանագրվել։ Սակայն դա չի նշանակում, որ կայանը կարող է այդպես երկար աշխատել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նոր սեփականատերը նախատեսում է առաջիկա մեկ-երկու տարիներին այստեղ իրականացնել 4-5 մլն դոլարի բնապահպանական եւ անվտանգության միջոցառումներ և երեք-չորս տարվա ընթացքում՝ վերակառուցման շուրջ 50 մլն եվրոյի ներդրումային ծրագրեր։ Այդ նպատակով արդեն սկսվել են մրցութային գործընթացները։Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշում է, որ Որոտանի արդիականացման ծրագրով նախատեսվում է փոխարինել բոլոր հիմնական տեխնիկական սարքավորումները և բարձրացնել անվտանգության մակարդակը։

Հաջորդ կանգառը  Իրան-Հայաստան  բարձրավոլտ երրորդ գծի անցկացման շրջանակներում կառուցվող «Նորավան» ենթակայանի շինարարության հրապարակն էր, որտեղ արդեն իսկ մեկնարկել են հողային աշխատանքները։ 100 մգՎտ  հզորությամբ գծով հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել Իրան- Հայաստան և  հակառակ ուղղությամբ: Այս երրորդ գծի անցկացումով Հայաստանի ներուժը էապես կավելանա:

«Նորավանի» ենթակայանի համար նախատեսված 1 մլն 337 հազար եվրո արժողությամբ  սարքավորումներն արդեն Հայաստանում են:  Ինչպես ենթակայանի, այնպես էլ օդային գծի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ։ Երբ բոլոր ենթակառուցվածքներն առկա լինեն, ապա Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի  ու գազի տարանցիկ երկիր՝ Վրաստանով միանալով  ռուսական տարանցիկ ցանցին:

Էներգետիկայի փոխնախարարի խոսքով՝ այս հոսքերի սպասարկումը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական միջոցների մուտք՝ Հայաստանի էներգետիկ համակարգ, իսկ արդյունքում  էներգետիկայի հաստատուն ծախսերը կնվազեն, հհետեւաբար կնվազի նաև սպառողների բեռը։ Հուսով ենք, որ դա դրական կազդի նաև սակագների վրա։

Back to top button