
««Էրեբունի» ԲԿ տեղափոխված վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին. «Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»:
Ոստիկանությունը տեղեկացրել էր, թե՝ ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից այսօր վիրավորված Արայիկ Խանդոյանը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել՝ նախընտրելով բուժօգնությունը տեղում ստանալ:




