

Զարմանքից մինչեւ վերջնագրեր. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման առիթով այսօր արտահայտվել են այս բոլոր զգացմունքները: Կանադահայ հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանը զարմացած է ոչ միայն երեւանյան դեպքերից, այլեւ իր հանդեպ ոստիկանության վերաբերմունքից, միջազգային մամուլի արձագանքից, որը ինչ որ չափով անտարբեր կարելի է որակել: Ե՞րբ սպասել ՄԻՊ գնահատականը երեւանյան դեպքերի վերաբերյալ, ի՞նչ է պատմում Պավել եւ Արամ Մանուկյանների փաստաբանը եւ ինչ վերջնագիր է ներկայացնում նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը: Առաջարկում ենք ծանոթանալ հենց հիմա:
Կանադահայ դերասանուհի եւ ռեժիսոր Արսինե Խանջյանը առաջին անգամ չէ, որ Հայաստանում է եւ առաջին անգամ չէ, որ մասնակցում է բողոքի ցույցերին՝ վերջինը «Էլեկտրիկ Երեւանն» էր: Բայց առաջին անգամ է, որ արժանացել է ոստիկանության ուշադրության եւ ողջ աշխարհի աչքի առաջ՝ հեռախոսով ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ խոսելու ժամանակ բերման ենթարկվեց երկու ոստիկանների կողմից:
Մասնագիտությունից ելնելով՝ Արսինե Խանջյանը նկարահանում է ամեն ինչ՝ նաեւ այսօրվա ասուլիսը: Դեռեւս չի պատկերացնում, թե ինչի կարող է վերածվել հավաքած տեսանյութը, խառնաշփոթից դեռ որեւէ սցենար չի պատկերացնում: Տեսախցիկը նոր էր գնել, մտադրվում էր Հայաստանից մեկնել Բեյրութ՝ արձանագրելու այնտեղ բնակվող տարեց հորաքրոջը, որը խոսում է բացառապես Տիգրանակերտի բարբառով:
Համոզված է, որ երեւանյան դեպքերի չնախատեսված արխիվը հետագայում հանգիստ չի տալու ոչ իրեն, ոչ էլ՝ ամուսնուն: Ասում է՝ ինչ- որ բան անպայման կստացվի: Կանադահայ դերասանուհին Հայաստանից հիասթափված չէ, դեպքերի հետ չի ուզում կապել նախագահ Սերժ Սարգսյանի անունը, բայց համոզվել է եւ սա իր, ձեւակերպումն է, որ «Հայաստանը ոստիկանական պետություն է»: Պատմում է, որ բերման ենթարկվելու պահին ներկայացել է, երբ, այնուամենայնիվ, նստեցրել են ոստիկանական մեքենա իր հետ այնտեղ եղել է եւս 11 մարդ, բոլորին տարել են ինչ- որ զորամաս, որտեղ կային եւս տասնյակ քաղաքացիներ: Այնտեղ ուզեցել են խուզարկել հայտնի դերասանուհու պայուսակը։ Երբ մի քանի անգամ դիմակավոր տարբեր ոստիկանների ներկայացել է, ոմանք ճանաչել են աշխարհահռչակ անուն ազգանունը, նույնիսկ զարմացել են, թե ինչ է անում այստեղ: Նույն հարցը հուզել է նաեւ դերասանուհուն:
Վերջին օրերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը աշխատում է գրեթե անդադար: Փորձում են հասնել ամեն տեղ եւ դեռեւս չեն վերլուծել իրավիճակը՝ վիճակագրություն ներկայացնելու եւ դիրքորոշում հայտնելու համար: ՄԻՊ գրասենյակը դեպքերի գնահատականը կտա ավելի ուշ, իսկ այսօր այն, ինչ կարող են ասել ՄԻՊ գրասենյակից՝ փոխանցում է Պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
Այս պահին իրավունքների ոտնահարման եւ նույնիսկ խոշտանգումների մասին ահազանգում է զինված խմբի անդամներ Պավել եւ Արամ Մանուկյանների փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը: Նա հաստատում է, որ հուլիսի 27-ից՝ իբրեւ բողոքի ակցիա հացադուլ է հայտարարել եւ դեղերից հրաժարվում է Պավել Մանուկյանը: Նշում է, որ նա ոտքերի գնդացրային վնասվածք է ստացել, դեռեւս երեք վիրահատության կարիք ունի եւ բուժհաստատությունից նրան դուրս գրելու մասին խոսելն անգամ անտեղի է: Փոխարենը փաստաբանը պնդում է, որ Պավելի որդու՝ Արամ Մանուկյանի հանդեպ դրսեւորվել է անմարդկային վերաբերմունք, որը հավասարազոր է «խոշտանգման»: Պաշտպանն արդեն պահանջ է ուղարկել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ քրեակատարողական վարչությանը՝ Արամ Մանուկյանին անհապաղ քաղաքային հիվանդանոց տեղափոխելու համար:
Իրավունքների ոտնահարման եւ արդեն նույնիսկ «ահաբեկչության» մասին է այսօր խոսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ասում է՝ այդ ձեւակերպումների է անցել, քանի որ անթույլատրելի է համարում բուժաշխատողներին պատանդ պահելու քայլը:
Ում անունից արվեց այս հայտարարությունը: Իսագուլյանը նշեց՝ անձամբ իր: Պարզապես հիշեցնենք, որ այս գործիչը ժամանակին զբաղեցրել է հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից հետո մի քանի տարի եղել է նախագահի մշտական ներկայացուցիչը ԱԺ-ում:




