Տնտեսական

Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը

gyuxmterqՀուլիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի
պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կվերաբացվի
գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է
հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ,
որին մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ: Օրական իրացվել է
շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Տոնավաճառին մասնակցում են  ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական
տնտեսություններ, որոնք  սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական
արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին
անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների
մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ,
վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից, գյուղատնտեսական մթերք
արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության
աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան
տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի
ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

Կարդացեք նաև

Back to top button