Տնտեսական

Կարկուտից տուժած խաղողի վազերը նոր խնամք են պահանջելու

satikisahakyan
Կարկուտից տուժած խաղողի վազերը նոր խնամք են պահանջելու, որպեսզի չհիվանդանան և ավելի վնասեն  որթատունկը:  Այս առումով այգետերերին աջակցելու են գյուղատնտեոսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները:  Այգետերերը աղետի պատճառով չեն ցանկանում կորցնել վերամշակող գործընկեր կազմակերպություններին, այլապես հաջորդ տարիներին չեն կարողանա իրացնել խաղողը:

Կարկտահարված խաղողի այգիների տերերին ներկայում երեք խնդիր է հուզում, վնասված վազերի վերականգնում, վարկերի մարում ու խաղող մթերող կազմակերպությունների հետ համագործակցության շարունակություն, քանի որ մտավախություն ունեն պայմանագրային պարտավորությունների խախտմամբ կորցնել գործընկերոջը:  Բնական աղետի հետևանքով, հատկապես Վաղարշապատի տարածքի գյուղերի խաղողագործները չեն կարող կատարել իրենց պարտավորությունները, այգիները 100 տոկոսով վնասվել  են: Խաղողի որթի վերականգնումը և բերքի տակ մտնելը կարող է երկար ժամանակ պահանջել:  Այգեգործները չեն  ցանկանում, որ վերամշակող ձեռնարկությունները  հետագայում  ֆիկսեն մթերման  ցածր քանակություն:

Խաղողի վազերը վերականգնելու համար  մեծ  ջանքեր են ներդրվելու:  Այգետերերին իրենց խորհուրդներով աջակցելու են   գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները: Մասնագետների տեղեկացմամբ խաղողի վնասված ողկույզներից ու տերևներից պետք է ազատվել, էտել, բուժել խոնավությունից  ծնվող հիվանդությունների դեմ և  խնամել նոր աճող դալար շիվերը:

Ակնալիճ գյուղում 7000 քմ տարածքի վրա տեխնիկական կանգուն սորտի խաղող մշակող Մանուկ Ղուկասյանը շվարած կանգնել էր,  գիշեր ու զօր խնամող այգում ոչինչ չի մնացել, մինչ այդ լավ բերք էր ակնկալում. << Կարկուտն եկավ սաղ սրբեց տարավ, ոնց որ հնձեր, ճմռեր, մի քանի տոննայի հույս ունեինք, բայց հիմա ոչ մի գրամի  հույս էլ չունենք>>:

Հուլիսի 10-ի  բնական աղետից տուժել է Ակնալիճ գյուղի մշակովի հողերի 90 տոկոսը, որից 80 տոկոսն՝ ամբողջությամբ: Գարնանային  ցրտահարություններին հաջորդեցին կարկուտը քամին, հորդառատ անձրևն  ու հեղեղումը: Բանջարեղենի ցանքատարածքները ջարդվել, հեղեղն էլ լվացել տարել է: Գյուղացիներից մեկն ասում է, որ 3 հա վրա  խաղողի այգի և լոլոիկի ցամնքատարածքներ ունի, բայց կարկուտն ու հեղեղը գետնին են հավասարեցրել թե մեկը, թե մյուսը. << Դարձրել է ֆուտբոլի դաշտ, ոչ առու է երևում, ոչ էլ բույսը,  սելավը քշել տարել է>>:

Եթե  եղանակային պայմանները նորմալ ընթացք ունենային, ապա  Ակնալճում 20 օրից կսկսվեր առաջին բերքահավաքը, լավ բերք էին ակնկալում նաև խաղողից: Գյուղապետ Գևորգ Միսակյանը նշեց, որ իրենց համայնքը հաճախ է տուժում բնության չար խաղերից:

<<Գարնանը ծիրանը ցրտահարվեց, հիմա էլ խաղողն ու բանջարեղենը վնասվեց: Լոլիկի պտուղն արդեն երևում էր մարգերում, հիմա մենք ոչինչ չունենք: Ակնալճի գյուղատնտեսությունը տուժել էր նաև 2012 թվականի կարկուտից ու հեղեղից: Սելավատարները չեն մաքրվում, ինչն էլ հորդառատ անձրևների ժամանակ մշակովի հողատարածքներում  հեղեղումների պատճառ է դառնում >>,- ասաց համայնքի ղեկավարը:

Գարնանային ցրտահարության վնասի դիմաց կառավարությունից դեռ որևէ  աջակցություն չի եղել, դրան ավելացավ նորը:

Կարդացեք նաև

Back to top button