Քաղաքական

Վաճառել ունեցվածքը եւ տեղափոխվել Հայաստան կամ Եվրոպա. ադրբեջանահայերի խորհուրդը Մերձավոր Արեւելքի հայությանը

karenghazaryan

Փախստականների միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ է այսօր հանդիպել Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ խոսելով ադրբեջանահայության խնդիրների եւ փախստականների հիմնահարցերի մասին: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած՝ կապված ապրիլյան պատերազմի հետ, որը բերեց բնակչության տեղաշարժերի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումների հետ, որտեղ հայկական համայնքները կանգնած են վերացման սպառնալիքի առջեւ: Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները՝ պետք է մշակել նոր ռազմավարություն փախստականների հարցով՝ կարծիք է հայտնել ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը:

 

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը կարծում է, որ Մերձավոր Արեւելքի հայությունը, ադրբեջանահայերի ճակատագրին չարժանանալու համար, պետք է օր առաջ լուծի իր խնդիրները՝ վաճառի ունեցվածքն ու տեղափոխվի Հայաստան  կամ  եվրոպական երկրներ:

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ ժամանակն է նաեւ, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ճանաչեն  ադրբեջանահայության հետ կատարվածը որպես ցեղասպանություն, առավել եւս՝ այսօր էլ Ադրբեջանի քայլերը միտված են ցեղասպանությունը շարունակելուն:

«Ադրբեջանը շահարկում է «ադրբեջանցի փախստականների» հիմնախնդիրը արդեն տարիներ շարունակ՝ փորձելով Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ճնշում գործադրել: Մենք նույնպես ունենք այդպիսի զենք՝ ի դեմս ադրբեջանահայության, բայց տարիների ընթացքում այդ ներուժը փոշիանում է։ Ցավոք սրտի, եւ ադրբեջանահայ համայնքը ՀՀ-ում օրըստօրե նոսրանում է բավականին արագ տեմպերով: Վաղը եթե անհրաժեշտություն լինի ադրբեջանահայության, հնարավոր է մենք բավարար թվով ադրբեջանահայության գործունակ համայնք Հայաստանում չունենանք»:

Գրիգորի Այվազյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում ադրբեջանահայության խնդիրների լուծված չլինելուն: Նա հավելեց, որ քաղաքական խնդիր նույնպես կա. ադրբեջանահայությունը կարծում է, որ իրենց գործոնը բանակցություններում ճիշտ ձեւով ներկայացված չէ: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը դժգոհեց նաեւ, որ քաղաքական գործընթացներում էլ կուսակցություններից ոչ մեկը չի ներառում ադրբեջանահայերի շահերը ներկայացնողների: «Մինչդեռ նրանք Հայաստանի բնակչության 12 տոկոսն են կազմում, եւ երբ գալիս է ընտրությունների ժամանակը, նրանք գալիս են խնդրում այդ մարդկանց քվեն: Իսկ ի՞նչ են  արել նրանք այդ մարդկանց»։

Դրանից էլ բխում են բոլոր այն հիմնախնդիրները, որոնք հիմա ունենք՝ հավելեց Գրիգորի Այվազյանը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի համոզմամբ՝ ադրբեջանահայության եւ ընդհանրապես փախստականության հարցերով պետք է նոր ռազմավարություն մշակել, քանի դեռ ուշ չէ եւ  առավել եւս, որ ներկայումս դա բխում է Հայաստանի ազգային շահերից:

Կարդացեք նաև

Back to top button