

Բունդեսթագի որոշումը հիմքն է տվել խոսել ցեղասպանության հետևանքների վերացման ու փոխհատոիւցման մասին: Արևմտահայերի ազգային կոնգրեսի ներկայացուցիչները համոզված են, որ կգա անգամ այն օրը, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Բուգեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմք է տվել Արևմտահայերի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, հրապարակախոս Կարեն Միքայելյանին խոսելու հետագա քայլերի մասին: Ճանաչումը միայն բարոյական բավարարվածություն է տալիս, սակայն անհրաժեշտ է վնասի փոխհատուցում, մենք պահանջատեր ենք` ասաց։ «Թուրքայի կողմից ցեղասպանության ճանաչում ու վնասի փոխհատուցում՝ սա է մեր կազմակերպության ու աշխարհասփյուռ հայության գլխավոր նպատակը: Ու դրա լավագույն օրինակը հենց Գերմանիան է»,- ասում է։
Մինչ օրս այդ երկիրը փոխհատուցում է Հոլոքոստի համար՝ ընդգծեց նա՝ հստակ նշելով, որ հենց դա է սպասում Թուրքիայից: Կարեն Միքայելյանը ամեն դեպքում հավատում է, որ կգա այդ օրը: Նա լավատես է նաև հայ-թուրքական սահմանի բացման առումով ու համոզված է, որ այսօրվա թուրքը Օսմանյան կայսրության թուրքը չէ, այսօր շատ թուրքեր բացահայտ խոսում են ցեղասպանության մասին, ինչը բացառված էր մի քանի տարի առաջ։
Նա Արևմտահայերի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ Արևմտյան Հայաստան այցի ընթացքում համոզվել է, որ հնարավոր է վերականգնել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցին: Առաջիկայում նպատակ կա ողջ աշխարհում տարածված մշեցիներին համախմբել այդ գործում: « Դրա համար ինտերնետով կհայտարարենք միջոցների հավաքագրում կոնկրետ նպատակի համար ու կտեսնենք, թե աշխարհում 10 մլն հայերից որքան մշեցիներ կարձագանքեն՝ 5 մլն դոլար հավաքելու եւ Մշո Սուրբ Կարապետը վերականգնելու նախաձեռնությանը՝ որպես հզոր Հայաստանի խորհրդանիշ»:
Իսկ ինչ է անում Արևմտահայերի ազգային կոնգրեսը, որպեսզի Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեականացնող օրենք ընդունվի: Ռուսաստանում հայկական լոբբին թույլ է՝ ի տարբերություն Թուրքիայի՝ ասացին Նորատ Տեր- Գրիգորյանցն ու Կարեն Միքայելյանը: « 60 հազար հայեր ունեցող Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կա, մինչդեռ 3 մլն հայ համայնք ունեցող Ռուսաստանում անգամ 3 հայ պատգամավոր չունենք»։
Տարբեր երկրներում գտնվող հայերը տարբեր կերպ են մոտենում հարցերին ու դա պայմանավորված չէ թվաքանակով:




